կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կոմիտասի ստեղծագործությունների գրանցումը Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում նախևառաջ տարիների համատեղ աշխատանքի արդյունք է. Կոստանյան

Կոմիտասի ստեղծագործությունների գրանցումը Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում նախևառաջ տարիների համատեղ աշխատանքի արդյունք է. Կոստանյան

Հունվարի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և խոսքով է հանդես եկել  ՅՈՒՆԵՍԿՕ-Ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվելու կապակցությամբ կայացած մամուլի ասուլիսին, որին մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Կոմիտասի թանգարան ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը և այլոք:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. 

«Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել շատ կարևոր հոբելյանի՝ թանգարան-ինստիտուտի 9-ամյակի կապացությամբ և թույլ տվեք շնորհավորել նաև Կոմիտասի ժառանգության միջազգային ճանաչման հերթական կարևորագույն հանգրվանի կապակցությամբ: Ինչպես արդեն նշվեց, հարգելի գործընկերներ, 2023թ. մայիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհուրդը կարևոր որոշում կայացրեց՝ հաստատելով Հայաստանի ներկայացրած հայտը և գրանցելով Կոմիտասի ստեղծագործութ­յունների հավաքածուն Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։ 

Ուզում եմ նաև հիշեցնել, որ 2019թ., երբ տոնվում էր Կոմիտաս Վարդապետի 150-ամյակը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց հոբելյանների ցանկում ընդգրկվեց այս կարևոր հոբելյանը, և աշխարհով մեկ այդ նշանակալից հոբելյանը մեծ շուքով նշվեց: 

Թույլ տվեք նշել, որ Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվում են բացառիկ արժեք ներկայացնող փաստագրական նմուշներ: Այս ծրագրի գլխավոր նպատակն է կանխել աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների կորուստը և նպաստել դրանց արդյունավետ պաշտպանութ­յանը և լայն տարածմանը: Մինչ այդ նշված հեղինակավոր ցանկում իրենց արժանի տեղն են գտել Բյուրականի աստղադիտարանի առաջին հետազոտությունը, Մատենա­դարանի ձեռագրերի հավաքա­ծուն և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների հավաքածուն: 

Այսօր Կոմիտասի ստեղծագործությունների գրանցումը Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում նախևառաջ տարիների համատեղ աշխատանքի արդյունք է, ինչպես արդեն նշվեց, թանագարան-ինստիտուտի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Արտաքին գործերի նախարարության միջև:

Օգտվելով առիթից, թույլ տվեք նաև նշել, թե 2023թ. մեր գործընկերների և Արտաքին գործերի նախարարության կողմից ինչ աշխատանքներ են տարվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուղղությամբ: Նոյեմբերի 9-ին արտաքին գործերի նախարարը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին, և այստեղ  բարձրաձայնվել է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն գործուղելու հարցը: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթական կարիքները հասցեագրելու նպատակով նախորդ տարվա հոկտեմբերին Հայաստանում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է հրատապ առաքելության ծրագիրը՝ ուղղված փախստական երեխաների կրթության գործընթացում ներառմանը և նրանց բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը: 

Ինչպես գիտեք, Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյաններն ընդգրկվել են 2024-2025թթ. Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում: Տիկին նախարարն արդեն նշեց, որ գրանցվել է դարբնության ավանդույթը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն և մեկնարկել է Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրին և Որոտան գետի կիրճին, հուշարձանախմբին ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի շրջանակներում ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու գործընթացը»:

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև Հազար ու մի երգ հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորի շնորհանդեսը: Միջոցառման ավարտին մասնակիցները շրջայց են կատարել նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

  • Կիսվել: