Գյումրիում մեկնարկեց Աշոտ Մխիթարյանի անվան ծանրամարտի հուշամրցաշարը
Գյումրիում մեկնարկեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանի անվան հուշամրցաշարը։ Հուլիսի 5-ին Գյումրու մարզամշակութային կենտրոնում տեղի ունեցավ լեգենդար մարզչի անվան հուշամրցաշարի պաշտոնական բացումը։ Հուլիսի 5-ին և 6-ին պատանի ծանրորդները Հայաստանի տարբեր մարզերից պայքարում են լավագույնի անունը վաստակելու և միջազգային առաջնություններում հանդես գալու հնարավորություն ստանալու համար։ Մրցաշարն անցկացվում է վեցերորդ անգամ։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի օրացույցային պլանում ընդգրկված մրցաշարին այս տարի մասնակցում են 165 մարզիկ։ Աղջիկների մրցաշարին մասնակցում է 25, իսկ պատանիների մրցաշարին՝ 140 մարզիկ։
«Աշոտ Մխիթարյանը մեծ վաստակ ունի հայկական ծանրամարտում։ Նրա ավանդը մեծ է թե՛ պատանեկան թիմերում, թե՛ մեծահասակների հավաքականում։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ուրախ է աջակցելու այս մրցաշարի կայացմանը։ Լիահույս ենք, որ հենց նմանատիպ մրցաշարերի շնորհիվ ի հայտ կգան նոր անուններ, որոնք կհամալրեն մեր հավաքականների կազմերը»,- մրցաշարի պաշտոնական բացման ժամանակ նշեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի կողմից հատուկ պարգևների արժանացան Աշոտ Մխիթարյանի անձնական սաները։
«Նախկինում հուշամրցաշարն իրականացվում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո, իսկ այս անգամ այն անցկացվում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հովանու ներքո։ Եղել են նաև հովանավորներ, որոնք աջակցել են մրցաշարի կայացմանը։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի մասնակիցների թիվը զգալիորեն աճել է։ Անցած տարիներին ունեցել ենք 60-70 մասնակից»,- լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Սամվել Գասպարյանը՝ հավելելով, որ այս հուշամրցաշարում ՀՀ դեռահասների և մինչև 17 տարեկան պատանիների գրանցված ռեկորդները համարվում են Հայաստանի ռեկորդներ։
Սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը 1997-2005 թվականներին եղել է Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչը, իսկ 2006-2010 թթ․՝ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը։ Իր մարզչական գործունեության ընթացքում Աշոտ Մխիթարյանը տվել է սպորտի 34 վարպետ, 12 միջազգային կարգի սպորտի վարպետ։ Նրա անձնական սաները միջազգային ստուգատեսներում նվաճել են 100-ից ավելի մեդալներ։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տղամարդկանց աշխարհի չեմպիոն 2010 թվականին դարձավ Աշոտ Մխիթարյանի սանը՝ Տիգրան Մարտիրոսյան։ Բազմաթիվ ծանրորդների հաջողություններ ուղղակիորեն կապված են Աշոտ Մխիթարյանի մարզչական աշխատանքի հետ։
Մխիթարյանը մահացել է 2010 թվականի մայիսին։ Հայկական ծանրամարտի պատմության մեջ նրա ունեցած ավանդը կարևորելով՝ իր նախկին մարզիկները նախաձեռնել են հանրապետական հուշամրցաշար։
«Ուզում եմ բոլոր կազմակերպիչներին շնորհակալություն հայտնել այս հուշամրցաշարի համար, որտեղ տարեցտարի ավելանում է մասնակիցների թիվը։ Սա արդեն իսկ խոսում է Աշոտ Մխիթարյանի մոռացված չլինելու մասին։ Լավ մարզիչ լինելով՝ իր բոլոր սաների հանդեպ հայրական մոտեցում էր ցուցաբերում, իսկ սաներն էլ նրան ընդունում էին որպես երկրորդ հայր»,- նշեց մարզչի կրտսեր որդին՝ Ռուբեն Մխիթարյանը՝ իր և ընտանիքի անունից շնորհակալություն հայտնելով Աշոտ Մխիթարյանի հիշատակը միշտ բարձր պահելու համար։