կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իտալացի ճարտարապետի կարծիքով՝ Հայաստանի մշակութային ժառանգությունն ավելի մեծ ուշադրության է արժանի

Իտալացի ճարտարապետի կարծիքով՝ Հայաստանի մշակութային ժառանգությունն ավելի մեծ ուշադրության է արժանի

Իտալացի ճարտարապետ Ալբերտո Կոլլեն, որն ունի միջազգային հարուստ փորձ և մեծ սեր նորարարական նախագծերի հանդեպ, իր հետքն է թողել նաև Հայաստանում՝ MEDS Գյումրի աշխատարանի շրջանակում թիմի հետ հեղինակելով «Անսահմանության արտացոլանք» նախագիծը:

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում նա պատմել է դեպի Հայաստան իր ճամփորդության, իրականացված նախագծի, ինչպես նաև մեր երկրի հետ կապված իր ծրագրերի մասին: Իտալիայի գեղատեսիլ Վենետոյի մարզում ծնված Կոլլեի ճարտարապետական որոնումները նրան տարել են եվրոպական տարբեր քաղաքներով, որոնց մեջ իր առանձնահատուկ տեղն ունի Բարսելոնան՝ Կոլլեի այժմյան բնակավայրը։

-Պատմեք Ձեր մասին։ Որտե՞ղ եք ծնվել, մեծացել և մասնագիտական ի՞նչ ճանապարհ եք անցել։

-Ես ներկայում ապրում եմ Իսպանիայի Բարսելոնա քաղաքում։ Ծնվել եմ Իտալիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Վենետո մարզում և սովորել եմ Վենետիկի Պոլիտեխնիկական   համալսարանի (IUAV) ճարտարապետության ֆակուլտետում։ Հենց այստեղ էլ առաջին անգամ իմացա հայերի ու հայկական մշակույթի մասին:

Իմ ուսումնառության ընթացքում բազմիցս մասնակցել եմ տարբեր դասընթացների և աշխատաժողովների, որի շնորհիվ հնարավորություն եմ ստացել առնչվելու ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձին:

Այնուհետև ArsNova Siena համալսարանում շարունակել եմ ուսումս քաղաքային դիզայնի ասպարեզում, իսկ ավելի ուշ՝ կրկնակի մագիստրոսի աստիճան եմ ստացել Դոմուս ակադեմիայի և Միլանի Ուելսի համալսարանում:

Տարիներ անց սովորել եմ նաև Բարսելոնայի ETSAB Ճարտարապետության դպրոցում։ Ասպիրանտի կոչումը պաշտպանել եմ Պորտուգալիայի Պորտոյի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում, որտեղ ուսումնասիրել եմ Ալվարու Սիզայի աշխատանքը:

Հիմնադրել եմ Bauart ճարտարապետական ստուդիան և Alternative Academic Project (AAP) նորարարական նախագծերի լաբորատորիան, որը ծառայում է պետական և մասնավոր սուբյեկտներին և հաճախ կազմակերպում ճարտարապետական սեմինարներ։ Նաև ինտենսիվ համագործակցություն եմ սկսել տարբեր համալսարանների հետ, այդ թվում՝ Միլանի Պոլիտեխնիկական համալսարանի, որտեղ ներկայում դասավանդում եմ ճարտարապետական դիզայն առարկան։

-Դուք նշեցիք, որ Հայաստանի մասին առաջին անգամ լսել եք Վենետիկում: Կպատմե՞ք այդ մասին:

-Վենետիկում սովորելու տարիներին սկսել եմ ուսումնասիրել հայկական մշակույթը․ կարդացել եմ մի քանի գրքեր և այցելել Սուրբ Ղազար կղզի: Տարիներ անց ես հնարավորություն ունեցա հանդիպել Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի հայ համայնքի մի քանի անդամների հետ, ինչը և հիմք հանդիսացավ բացահայտել Հայաստանի հարուստ պատմությունը, մշակութային և հոգևոր ժառանգությունը։

Հնագույն կառույցներից ուշագրավ է 4-րդ դարում կառուցված Էջմիածնի Մայր տաճարը՝ քրիստոնեական ճարտարապետության բացառիկ նմուշներից մեկը։

Ես միշտ մեծ հիացմունք եմ տածել հայկական սփյուռքի հանդեպ, քանի որ հենց սփյուռքն է հայկական մշակույթը հասցրել աշխարհի տարբեր երկրներ՝ պահպանելով իր ինքնությունը։

-Օգոստոսին հյուրընկալվել և մասնակցել եք MEDS Gyumri միջազգային աշխատարանին: Ծրագիրը մասնագիտական և էմոցիոնալ առումով ինչպիսի՞ ազդեցություն է թողել Ձեզ վրա:

-MEDS Gyumri նախագծին մասնակցելուց մի քանի ամիս առաջ ես իսպանական ճարտարապետական մի մրցույթի համար նախագծի շատ պարզ կոնցեպտ էի պատրաստել, սակայն վերջինս չընտրվեց:

Երբ տեսա հայտարարությունը, որ Հայաստանում ճարտարապետական աշխատաժողովի համար պահանջվում են մարզիչներ, որոնք ունեն նախագծի առաջարկ, մտածեցի, որ իմ ունեցած կոնցեպտ-առաջարկը պետք է վերաիմաստավորեմ և հարմարեցնեմ այդ աշխատաժողովի պահանջներին։

Ես տեղանքի մասին շատ տեղեկություն չունեի, միայն գիտեի, որ նախագիծը կառուցվելու է Գյումրի քաղաքից դուրս։ Այդպիսով, մի քանի օր անցկացրեցի քաղաքը հեռավար ուսումնասիրելով և տարբերակներ առաջարկելով նախագծի կազմակերպիչներին, սակայն իմ առաջարկած վայրերից ոչ մեկը իրատեսական չէր այդ պահի դրությամբ։

Այսպիսով, ես ունեի մինիմալիստական ոճով տաղավար կառուցելու գաղափար, բայց չգիտեի, թե որտեղ է այն տեղադրվելու, մինչև ինքս չայցելեցի Գյումրի: Հիշում եմ՝ առաջին բանը, որ ինձ զարմացրեց, երբ ժամանեցի Հայաստան, շենքերի քարերն էին։ Տպավորություն էր, թե դրանք ներկված էին ջրաներկով՝ գունային տարբեր աստիճանավորումներով և փոփոխվող երանգներով։ Այդ ամենը տեսնելուց հետո ինձ մոտ ցանկություն առաջացավ օգտագործել սև տուֆի այդ բացառիկ հատկություններն իմ աշխատանքում: 

-Ինչու՞ որոշեցիք մասնակցել MEDS Gyumri նախագծին:

-Անշուշտ, աշխատարանին մասնակցելու հիմնական պատճառը եղել է այնպիսի մի ծրագրի մեջ ներգրավվելը, որը որևէ բան կառուցելու հնարավորություն կտար։ Նախկինում էլ մասնակցել եմ տարբեր սեմինարների՝ որպես համահեղինակ, մարզիչ, կազմակերպիչ, այդ թվում՝ մաս եմ կազմել քաղաքաշինական ու ճարտարապետական տարբեր նախագծերի, սակայն դրանցից ոչ մեկը չի ներառել շինարարական բաղադրիչ։ Այդ պատճառով այս նախագիծն ինձ հետաքրքրեց։ Բացի այդ, հայկական միջավայրն ի սկզբանե ինձ շատ նոր ու էկզոտիկ էր թվում, և աշխատարանին մասնակցությունը միջոց էր՝ բացահայտելու Հայաստանի մշակութային ժառանգությունը, որն, իմ կարծիքով, ավելի մեծ ուշադրության է արժանի: Ես ցանկանում էի էքսպերիմենտ անել և փորձարկել որոշ տարրեր, որոնք կարող էի կիրառել վաղանցիկ (ephemeral) ճարտարապետության ոլորտում:

-Ի՞նչ նշանակալից բացահայտումներ արեցիք Հայաստանում գտնվելու ընթացքում: Որտե՞ղ հնարավորություն ունեցաք լինելու:

-Որևէ նոր վայր այցելելիս լանդշաֆտը հենց այն է, ինչն ինձ ամենաշատն է տպավորում: Քարի ձևը, գույնը, կառուցվածքն ինձ շատ են գրավում։ Հայաստանի դեպքում հենց այդպես եղավ։ Տաղավարի կառուցման ընթացքում ժամանակն այնքան էլ շատ չի եղել, որպեսզի կարողանայի շրջագայել։ Սակայն մեր նախագծի հովանավորը՝  PROFAL ընկերությունը, մեր թիմի համար էքսկուրսիա կազմակերպեց դեպի մի շարք տեսարժան վայրեր։ Սկսեցինք Սևանա լճից, որն ինձ հիացրեց իր գույնով, իր մաքուր և բյուրեղյա ափերով, ինչպես նաև հարակից պատմական վանքերի առկայությամբ: Այնուհետև այցելեցինք «Դիլիջան» ազգային պարկ, որտեղ ծանոթացա հսկա կաղնիների և բոխիների հետ։ Էքսկուրսիայի վերջին հատվածում այցելեցի Երևան, որտեղ փորձեցի նշմարել Արարատ լեռան ուղղությունը՝ մոլորվելով քաղաքի մեծ ու փոքր սրճարաններով լի փողոցներում։

Իմ զբոսանքը կենտրոնում, կարծես, երկխոսություն էր միաժամանակ եվրոպական և միջերկրածովյան մշակույթների հետ:

-Կմանրամասնեք Ձեր նախագծի գաղափարը։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում և ինչու՞ է այն տեղադրվել Գյումրու Մայր Հայաստանի տարածքում:

-Մեր նախագիծը կոչվում է«Անսահմանության արտացոլանք»: Այն տեղադրվել է Մայր Հայաստան հուշահամալիրի հարակից այգում, ուղղված է դեպի Սև բերդը՝ 19-րդ դարի ռազմավարական նշանակություն ունեցող ամրոցը, որտեղ տեղի են ունեցել մի շարք պատմական իրադարձություններ։ Քաղաքային ինստալյացիան ծառայում է որպես հայելային տարրով ծածկված դիտակետ։ Այս աշխատանքը Մայր Հայաստանի հուշարձանը կապում է մեկ այլ կարևոր տարրի հետ, որն այս կերպ ներկայացնում է հայ ժողովրդի ուժը, տոկունությունն ու պաշտպանվածությունը։ Դիզայնը ներառում է հայելիներ և սև ներկված ինտերիեր՝ խորհրդանշելու կապը սև տուֆի հետ: Այս տարրի արտացոլումը ստեղծում է խորհրդավոր սիմվոլիզմ։ Միևնույն ժամանակ տաղավարը դառնում է դինամիկ խաղ այստեղ այցելող բազմաթիվ երեխաների համար։

 

«Անսահմանության արտացոլանք» աշխատանքը հույսի փարոս է և վերածննդի խորհրդանիշ: Դրա նպատակը գերազանցում է գեղագիտությունը: Քանի որ այն պատրաստվել է ճարտարապետության ու դիզայնի ոլորտի մասնագետների կողմից, ովքեր աշխարհի տարբեր երկրներից են, այն վկայում է համագործակցության ուժի մասին, որն այս տոկուն քաղաքին ավելի պայծառ ապագա է խոստանում: Միասնության և առաջընթացի խորհրդանիշ այս կառույցը Գյումրու համար նոր դարաշրջանի սկիզբ դնող պատկեր է, որտեղ անցյալն ու ներկան ներդաշնակորեն գոյակցում են, իսկ ապագան այնքան պայծառ է, որքան արտացոլումները նրա հայելային մակերեսին:

-Ներկայում ի՞նչ նախագծի վրա եք աշխատում և ի՞նչ ծրագրեր ունեք Հայաստանի հետ կապված:

-Այժմ ես շարունակում եմ կենտրոնանալ դոմեստիկ ճարտարապետության և եվրոպական համատեքստում ճարտարապետական մրցույթների էվոլյուցիայի վրա, և, զուգահեռաբար, մշակում եմ վաղանցիկ (ephemeral) ճարտարապետական նախագծերի գաղափարների ավելի համակարգված մոտեցումներ: Կարծում եմ, որ Հայաստանում շատ վայրեր կան, որտեղ կարելի է իրականացնել ճկուն ու շարժական ճարտարապետական լուծումներ, որն էլ իր հերթին կարող է դառնալ դինամիկ գործընթացների մաս։

Ես նաև ուրախ կլինեմ համագործակցել տարբեր հաստատությունների, մշակութային կենտրոնների, ընկերությունների և այլ կառույցների հետ, որոնք տեսնում են հայկական ազգային համատեքստում համագործակցություն սկսելու, ինչպես նաև եվրոպական համատեքստի հետ կապ ստեղծելու հնարավորությունը:

  • Կիսվել: