հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտում բացվել է «Պատերազմի աչքերը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը

Ստեփանակերտում բացվել է «Պատերազմի աչքերը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի՝ «Պատերազմի աչքերը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

Միջոցառումը մեկնարկեց Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակների սուրբ հիշատակին հարգանքի տուրք մատուցելով։

Ցուցահանդեսին ներկայացված էր մոտ 100 նկար, որտեղ պատկերված են պատերազմի օրերի ցավը, խորտակված ճակատագրերը, ապրելու վճռականությունն ու ապագայի հանդեպ հավատը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանն ասել է.

«Ցուցահանդեսի նախաձեռնությունը մեր գրասենյակինն է, նկարների հեղինակը՝ Դավիթը, բայց այսօրվա ցուցահանդեսը բոլորինս է, որովհետև ներկայացված նկարները արծարծում են բոլորիս կյանքի, պատմության մի կարևոր ու անջնջելի ժամանակահատված, որի մեջ շատ է ցավը, կորուստը, խորտակված երազանքները, սակայն, որի մեջ կա նաև վերընձյուղվելու կամքն ու անկոտրունությունը։ Այս ցուցահանդեսը շատ ասելիք ունի ինչպես մեզ, այնպես էլ դրսում ապրող մեր հայրենակիցներին։ Այս նկարների մեջ վշտին միախառնվել է ապրելու վճռականությունը, նկարներում պատկերված տղաների աչքերում այնքան հաղթանակ կա, որ մենք չենք կարող դա ցույց չտալ։ Ամեն մի լուսանկար պատերազմի մի հայացք է, որին նայելն ու դեմ հանդիման կանգնելը շատ դժվար է, բայց պետք է։ Պատերազմի հենց առաջին օրը Ստեփանակերտի ծննդատանը լույս աշխարհ է եկել Մոնթեն, ում մայրն այդպես է անվանակոչել՝ ի պատիվ հերոս Մոնթե Մելքոնյանի։ Երևանում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ Դավիթը զանգ է ստացել այն մասին, որ ծնվել է իր առաջնեկը՝ Արփին։ Ես հավատում եմ, որ Արցախի և Հայաստանի ծննդատներում դեռ շատ Մոնթեներ ու Արփիներ են լույս աշխարհ գալու, ու դա է լինելու մեր շարունակության գրավականը»,-նշել է Հ. Ավագյանը։

Մեզ հետ զրույցում լուսանկարների հեղինակ Դավիթ Ղահրամանյանը պատմել է, թե ինչպես ստացվեց, որ նա վավերագրեց պատերազմը։

«Պատերազմի առաջին օրը, երբ պատրաստվում էի մեկնել առաջնագիծ, ԱՀ Կառավարությունից զանգ ստացա այն մասին, որ պետք է լուսանկարեմ պատերազմը։ Չգիտեի՝ այն քանի օր է տևելու՝ 4, թե՝ 44, բայց դա ինձ համար մեծ պատասխանատվություն էր։ Այս լուսանկարները վավերագրություն են այն մասին, թե ինչպես Թուրքիան և Ադրբեջանը հերթական հանցագործ վարքը դրսևորեցին Արցախի և նրա խաղաղ բնակչության նկատմամբ. և այդ մասին պետք է խոսվի անդադար»,- ասել է Դ. Ղահրամանյանը։

Պատերազմի ողջ ընթացքում Դավիթի ընկերն իր լուսանկարչական ապարատն էր։ Առաջինով նկարել է Ապրիլյան քառօրյա, իսկ երկրորդով՝ Արցախյան 44-օրյա պատերազմը։ «Լուսանկարչական ապարատս պետք է փոխեմ, երրորդը պետք է վերցնեմ, որպեսզի նկարեմ, թե ինչպես ենք հետ բերում Շուշին»,- ընդգծել է նա։

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ ցուցահանդեսի նկարները պատմում են մեր մասին, մեր ապրածի, տեսածի, զգացածի, հույսի ու հավատի, մեր տղաների հերոսությունների ու անձնազոհության, նրանց ոչնչով չփոխհատուցվող մեր պատասխանատության ու պարտավորության մասին։

«Դավիթի մի շարք նկարներ տեղ են գտել մեր զեկույցներում, որոնք ուղարկվել են միջազգային հարթակներ։ Լուսանկարչական ապարատը Դավիթի զենքն էր, որով նա պաշտպանում էր Արցախի ժողովրդի իրավունքները՝ աշխարհին ներկայացնելով Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր հանցագործությունները»,- ասել է Գ. Ստեփանյանը՝ հույս հայտնելով, որ այլևս առիթ չենք ունենա նայելու պատերազմի աչքերին, իսկ լուսանկարչի ֆոտոխցիկը այսուհետ կհավերժացնի Արցախում ապրող հայի կյանքն ու արարումը։

Ցուցադրված լուսանկարների մասին տպավորություններով կիսվել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը։

«Իմ հոգում նորից բորբոքվել է 44-օրյա պատերազմի ողջ ընթացքը։ Յուրաքանչյուր լուսանկարի կարելի է վերնագիր տալ՝ ցասում, հուսալքություն, տխրություն, բայց հետաքրքիրն այն է, որ ոչ մի նկարում պարտություն չկա։ Եթե Դավիթը չի նկարել մի այնպիսի նկար, որտեղ պարտության շունչ լինի, ուրեմն մենք չենք պարտվել։ Նրան հաջողվել է արտահայտել ազգային աշխարհընկալումը։ Ու թվում է, թե սա վերջալույս է, բայց ոչ, սա դեռ սկիզբն է։ Մենք պետք է նորոգենք մեր միտքը, վարքը, աշխարհայացքը, շենացնենք մեր հայրենիքը, որովհետև նկարներում պատկերված մեր տղաների հայացքները այդ են հրամայում»,- ընդգծել է Լ. Ղարախանյանը։

  • Կիսվել: