երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում աննախադեպ դրամաշնորհային ծրագրեր են մեկնարկում

Արցախում աննախադեպ դրամաշնորհային ծրագրեր են մեկնարկում

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունն առաջին անգամ մեկնարկել է «Գյուղատնտեսության զարգացման խթանում ինովացիոն տեխնոլոգիաների միջոցով», «Մշակող արդյունաբերության զարգացում» և «Գյուղական տուրիզմի զարգացում» դրամաշնորհային ծրագրերը:

Այս մասին հաղորդել են ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից:

«Գյուղատնտեսության զարգացման խթանում ինովացիոն տեխնոլոգիաների միջոցով» միջոցառմամբ նախատեսվում է նորագույն տեխնոլոգիաներով գյուղատնտեսության որևէ բնագավառի զարգացմանն ուղղված միջոցառում` օգտագործելով համայնքում առկա բնական ռեսուրսները: Միջոցառմանը կհատկացվի, ընդհանուր առմամբ, 35 000 000 (երեսունհինգ միլիոն) դրամ, որը կբաշխվի հայտերի գնահատման չափանիշներով առավելագույն բալեր հավաքած ու հաղթող ճանաչված 3 մասնակիցների միջև:

«Մշակող արդյունաբերության զարգացում» միջոցառմամբ նախատեսվում է արտահանման ներուժ ունեցող նորարարական մոտեցումներով արտադրություն՝ միջազգային ստանդարտներին համապատասախան:

Միջոցառման համար նախատեսվում է ընդհանուրը 45 000 000 (քառասունհինգ միլիոն) դրամ, որը կբաշխվի հայտերի գնահատման չափանիշներով առավելագույն բալեր հավաքած ու հաղթող ճանաչված 3 մասնակիցների միջև:

«Գյուղական տուրիզմի զարգացում» միջոցառմամբ նախատեսվում է գյուղական համայնքներում տուրիզմի զարգացման խթանում՝ օգտագործելով համայնքում առկա ռեկրեացիոն ռեսուրսները: Միջոցառման համար նախատեսվում է ընդհանուրը 20 000 000 (քսան միլիոն) ՀՀ դրամ, որը կբաշխվի հայտերի գնահատման չափանիշներով առավելագույն բալեր հավաքած ու հաղթող ճանաչված 4-5 մասնակիցների միջև:

Դրամաշնորհային ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի օգոստոսի 10-ը ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել հայտ և բիզնես պլան կամ բիզնես նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորում՝ թղթային և թվային ձևաչափերով՝ Flash կրիչի կամ [email protected] էլ. հասցեի միջոցով»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության մամուլի պատասխանատու Գոհար Հայրապետյանը և հավելել, որ դրամաշնորհը կտրամադրվի ներկայացված ծրագրերի վերլուծման ու գնահատման նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությունը ստացած հայտատուներին:

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ ծրագրերի գնահատման հիմնական չափանիշներն են տնտեսական արդյունավետությունը (շահութաբերություն), իրացման ծավալը, բյուջեների բոլոր մակարդակներին հարկային մուտքերի ծավալը, ներդրումային ժամկետը, նոր ստեղծվող աշխատատեղերի քանակը, մարքեթինգային քաղաքականությունը և արտադրանքի արտաքին տեսքը, դրամաշնորհի գումարի հարաբերակցությունը բիզնես նախագծի ընդհանուր արժեքին, բիզնես նախագծում նորարարական բաղադրիչի առկայությունը, բիզնես նախագծի իրականացման ռիսկի մակարդակը, նախագծի բնապահպանական անվտանգությունը, տեղական գյուղմթերքի և այլ հումքի օգտագործումը, տարածքային տեղակայումը, ապակենտրոնացումը և ծրագրի իրատեսական լինելը:Մրցույթի անցումային նվազագույն շեմը գումարային 70 բալն է:

«Դրամաշնորհային ծրագրերի իրագործման համար նախատեսվում է հատկացնել 5-ից 20 միլիոն դրամ, ընդ որում, տրամադրվող գումարի 20-ից 25 տոկոսի չափով ներդրում պետք է ունենան շահառուները: Պարտադիր պայման է հանդիսանում նաև ծրագրի իրականացումը Արցախի Հանրապետության տարածքում»,- ընդգծել է մեր զրուցակիցը:

Այլ հարցերի համար քաղաքացիները կարող են դիմել ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն՝ զանգահարելով 374 47 94 29 74, 374 47 97 07 61 հեռախոսահամարներին։

  • Կիսվել: