երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կփոխհատուցվեն զոհված, 1-ին կարգի հաշմանդամ դարձած ֆիզիկական անձանց կամ նրանց ընտանիքների անդամների վարկերի դիմաց ձևավորված պարտավորությունները. մանրամասներ

Կփոխհատուցվեն զոհված, 1-ին կարգի հաշմանդամ դարձած ֆիզիկական անձանց կամ նրանց ընտանիքների անդամների վարկերի դիմաց ձևավորված պարտավորությունները. մանրամասներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 2-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հետպատերազմյան ժամանակաշրջանում նախատեսվող պետական աջակցության այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն քաղաքացիների վարկերի և փոխառությունների դիմաց առաջացած պարտավորությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցմանը։

ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նախագահին է ներկայացրել Կառավարության կողմից մշակված պետական աջակցության ծրագրի նախագիծը, համաձայն որի, նախագծի հաստատման դեպքում, առաջիկայում պետական աջակցությունից կարողանալու են օգտվել ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնք ունեն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ստացած հիպոթեքային, բիզնես և սպառողական վարկեր ու փոխառություններ։
 
Պետական աջակցության ծրագրով լրացուցիչ արտոնություններ են նախատեսվում շահառուների մի շարք կատեգորիաների համար։ Մասնավորապես՝ ԱՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ շփման գծում մարտական հերթապահություն, հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով՝
 
ա) զոհված (մահացած), 1-ին կարգի հաշմանդամ դարձած ֆիզիկական անձանց կամ նրանց ընտանիքների անդամների համար կներվեն (կփոխհատուցվեն) հիփոթեքային, սպառողական, ինչպես նաև բիզնես վարկերի դիմաց ձևավորված պարտավորությունները, վերջինների դեպքում՝ առավելագույնը 30 մլն դրամի չափով․
 
բ) անհայտ բացակայող համարվող քաղաքացիների կամ նրանց ընտանիքների անդամների համար հիփոթեքային, սպառողական վարկերը, ինչպես նաև բիզնես վարկերի դիմաց առաջացած պարտավորությունները կփոխհատուցվեն անհայտ բացակայող լինելու ողջ ժամանակահատվածում, վերջինների դեպքում՝ առավելագույնը 30 մլն դրամի չափով․
 
գ) 2-րդ կարգի հաշմանդամ դարձած ֆիզիկական անձինք կամ նրանց ընտանիքների անդամները կստանան 27․09․2020 թվականի դրությամբ հիփոթեքային կամ բիզնես վարկերի մայր գումարների մնացորդների հանրագումարի 50 տոկոսի չափով փոխհատուցում (ոչ ավելի, քան 6.8 մլն դրամ հիփոթեքային և ոչ ավելի, քան 10 մլն դրամ բիզնես վարկերի համար), տուժանքների ներում կամ հատուցում, իսկ բացառապես սպառողական վարկեր ունեցողները՝ փոխհատուցում՝ 10 մլն դրամի սահմաններում.
 
դ) 3-րդ կարգի հաշմանդամ դարձած ֆիզիկական անձինք կամ նրանց ընտանիքների անդամները կստանան 27․09․2020 թվականի դրությամբ հիփոթեքային կամ բիզնես վարկերի մայր գումարների մնացորդների հանրագումարի 30 տոկոսի չափով փոխհատուցում (ոչ ավելի, քան 4 մլն դրամ հիփոթեքային և ոչ ավելի, քան 6 մլն դրամ բիզնես վարկերի համար), տուժանքների ներում կամ հատուցում, իսկ բացառապես սպառողական վարկեր ունեցողները՝ փոխհատուցում՝ 8 մլն դրամի սահմաններում.
 
ե) պատերազմական գործողությունների մասնակիցները կամ նրանց ընտանիքների անդամները կստանան 27․09․2020 թվականի դրությամբ հիփոթեքային կամ բիզնես վարկերի մայր գումարների մնացորդների հանրագումարի 15 տոկոսի չափով փոխհատուցում (ոչ ավելի, քան 2 մլն դրամ հիփոթեքային և ոչ ավելի, քան 3 մլն դրամ բիզնես վարկերի համար), տուժանքների ներում կամ հատուցում, իսկ բացառապես սպառողական վարկեր ունեցողները՝ փոխհատուցում՝ 5 մլն դրամի սահմաններում։
 
Պատերազմական գործողությունների հետևանքով ԱՀ վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում վարկային միջոցներով ձեռք բերված կամ վերանորոգված գույքի սեփականատերերի համար ներվելու կամ փոխհատուցվելու են բոլոր տեսակի վարկերը և փոխառությունները՝ բիզնես վարկերի դեպքում՝ հետագայում գույքի նկատմամբ պետական սեփականության իրավունքի գրանցման պայմանով։ Տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց գույքը մասամբ մնացել է այդ համայնքներում կամ ոչնչացվել է, նախատեսվում է պարտավորությունների ներում կամ կորստին համամասնորեն փոխհատուցում։
 
Նախագահ Հարությունյանը հանձնարարել է համապատասխան մարմինների պատասխանատուներին նշված սկզբունքների հիման վրա վերջնականացնել ծրագրի նախագիծը, որը կարող է քննարկումների արդյունքում որոշ փոփոխությունների ենթարկվել, և ներկայացնել հաստատման: Նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամկետներում գործարկել պետական աջակցության ծրագրերը՝ միաժամանակ հստակեցնելով դրանց վերահսկողության մեխանիզմները, որոնք կբացառեն շահառուների և պետական ծառայողների խտրական կամ անբարեխիղճ վարքագծի դրսևորումները։

  • Կիսվել: