Զորյան ինստիտուտը խստորեն դատապարտում է սահմանային անցակետի հնարավոր անվանակոչումը ցեղասպանության կազմակերպչի անունով
Զորյան ինստիտուտի մամլո հաղորդագրությունը՝ Թուրքիա-Հայաստան սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշայի անունով անվանակոչելու վերաբերյալ։
"Խոր մտահոգությամբ և հիասթափությամբ ենք արձագանքում Թուրքիայի խորհրդարանում ներկայացված այն առաջարկին, որով նախատեսվում է Թուրքիա-Հայաստան սահմանային անցակետը անվանակոչել Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարը և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշայի անունով: Նրա հրամանով պլանավորվեց և իրականացվեց ավելի քան 1.5 միլիոն հայերի կոտորածը, 2000-ից ավելի եկեղեցիների ոչնչացումը, համայնքների վերացումը և միլիոնավոր հայերի բռնի տեղահանումը իրենց հայրենի հողերից:
Հաշտության և համագործակցության հնարավորության խորհրդանիշ հանդիսացող սահմանի անվանումը Ցեղասպանության հետ նույնացվող անձի անունով, խորը անզգայություն է՝ մարդու արժանապատվության, պատմական ճշմարտության և բարոյական պատասխանատվության նկատմամբ: Այսպիսի քայլը վտանգում է արդարությունը՝ լեգիտիմացնելով անցյալի հանցագործությունները և խորացնելով դեռևս բաց վերքերը: Փոխարենը, հորդորում ենք թուրք առաջնորդներին և հասարակությանը՝ ընտրել հույսի, ճշմարտության և համընդհանուր մարդասիրության վրա հիմնված այլընտրանք:
Ինչու սահմանը չանվանակոչել խղճի ձայն հանդիսացող մեկի անունով՝ օրինակ Հրանտ Դինքի՝ հայազգի թուրք քաղաքացու, ով իր կյանքը նվիրեց ազգերի միջև փոխըմբռնմանն ու խաղաղությանը: Նա մարմնավորում էր հայերի, թուրքերի, քրդերի, քրիստոնյաների, մահմեդականների և բոլոր անատոլիական ժողովուրդների միասնության գաղափարը:
Հորդորում ենք թուրք մտավորականներին, քաղաքական գործիչներին և ակադեմիկոսներին՝ հիշել, որ առաջընթացը գալիս է ոչ թե պատմության մոռացմամբ, այլ դրա քաջ ճանաչմամբ: Գերմանիան ճանաչել է Հոլոքոստը, Կանադան՝ բնիկ ժողովուրդների դեմ գործած ոճրագործությունները: Ժամանակն է, որ Թուրքիան ընդունի իր պատասխանատվությունը հայերի, հույների, ասորիների և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հարցում, որի հետևանքով ավելի քան 4.5 միլիոն մարդ սպանվեց կամ արտաքսվեց:
Ճշմարիտ ազգային ուժը գալիս է ոչ թե մերժումից, այլ պատմության հանդեպ ազնիվ վերաբերմունքից: Հուսով ենք, որ այս առաջարկը կվերանայվի՝ փոխադարձ հարգանքի, արժանապատվության և համամարդկային արժեքների հիման վրա",-նշված է հաղորդագրության մեջ։