հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վլադիլեն Բալյանի անունով պուրակ՝ Գյումրիում

Վլադիլեն Բալյանի անունով պուրակ՝ Գյումրիում

Գյումրիի թիվ 1 արվեստի դպրոցի դահլիճը և Ռուսթավելի փողոց 5 հասցեի պուրակն այսուհետ կրելու են ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի անունը։

Այս տարի լրանում է հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրիի հիմնի երաժշտության հեղինակ Վլադիլեն Բալյանի 100-ամյակը: Հոբելյանական տարվա միջոցառումների շրջանակներում, Գյումրիի քաղաքապետարանի որոշմամբ,  տեղի է ունեցել թիվ 1 արվեստի դպրոցի դահլիճի և Ռուսթավելի փողոց 5 հասցեի պուրակի անվանակոչությունը:

Արվեստի դպրոցի դահլիճի բացման պատիվը տրվեց Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանին և Վլադիլեն Բալյանի որդուն՝ Կարեն Բալյանին, որին հաջորդեցին դպրոցի սաների կատարումները՝ հնչեցին Բալյանի ստեղծագործությունները:

Արվեստի դպրոցում կազմակերպված միջոցառումից հետո հյուրերը շարժվեցին դեպի պուրակ:

«Մեզ համար շատ կարևոր է առնվազն հոբելյանական տարեթվերին ևս մեկ անգամ փաստելու, խոսելու, որ գիտենք, ճանաչում ենք և պատրաստ ենք ամեն ինչ անել, որ մեր մեծերին իմանան, ճանաչեն և շնորհակալ լինեն նաև սերունդները»,-իր խոսքում նշեց Գյումրիի համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

«Գյումրին հայրիկիս համար շատ թանկ քաղաք էր, շատ թանկ մարդիկ էին գյումրեցիները: Իր կյանքի 97 տարիներից ընդամենը երկուսն է նա այստեղ ապրել, բայց դա բավական էր, որպեսզի ինքն ամբողջովին լցվեր այդ սիրով քաղաքի հանդեպ ու, կարծես թե, այդ սիրո զգացմունքով գյումրեցիները պատասխանել են իրեն»,-նշեց Կարեն Բալյանը:      

  • Կիսվել: