Գյուղտեխնիկա ձեռք բերելու համար լիզինգի աջակցության գումարը 250 միլիոնից կդառնա 500 մլն դրամ
Մենք կրկնապատկում ենք մեր տնտեսվարողների, ֆերմերների հնարավորությունը,որպեսզի նրանք օգտվեն գյուղատնտեսական տեխնիկայի՝ լիզինգի աջակցության ծրագրից: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 15-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:
Նախարարը պարզաբանեց՝ ներկայումս ֆերմերը կարող է մինչև 250 մլն դրամի գյուղատնտեսական սարքավորում ձեռք բերել, բայց կան բազմաթիվ ֆերմերներ, որոնք ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ են զբաղվում և չեն կարողանում մատչելի պայմաններով գյուղտեխնիկա ձեռք բերել:
«Մենք 250 մլն դրամի շեմը բարձրացնում ենք մինչև 500 մլն դրամի, որը կօգնի՝ տնտեսվարողներն ավելի մատչելի գներով գյուղտեխնիկա ձեռք բերեն»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ այս պահին 2854 լիզինգառու կա, որոնց տրամադրվել է 4333 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում՝ 1523 միավոր տրակտոր, 20 միավոր կոմբայն և 2790 միավոր այլ գյուղտեխնիկա, օրինակ՝ շարքացան:
«Միայն 23 մլրդ դրամի գյուղատնտեսական տեխնիկա է ձեռք բերվել, իսկ լիզինգի գումարը կազմել է 19,2 մլրդ դրամ, սուբսիդավորված գումարը՝ 3,6 մլրդ դրամ»,- ասաց նա: