հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Լիլիթ Աղեկյանը գտնվել է մի շարք պետական մարմիններում գիշերազգեստով, հողաթափերով.Դիմում  ՆԳ նախարարին, դատախազին, ՄԻՊ-ին

Լիլիթ Աղեկյանը գտնվել է մի շարք պետական մարմիններում գիշերազգեստով, հողաթափերով.Դիմում ՆԳ նախարարին, դատախազին, ՄԻՊ-ին

Հասարակական մի շարք կազմակերպություններ, քաղաքացիներ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝  Լիլիթ Աղեկյանի ձերբակալման և ենթադրյալ խոշտանգման վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասված է.

«Սույնով մենք՝ ներքոստորագրյալներս, մեր խորագույն մտահոգությունն ենք հայտնում բլոգեր Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կիրառած գործողությունների, վատ և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի   առնչությամբ, որը տեղի է ունեցել 2025 թ. մայիսի 8–ին և շարունակվել հետագա մի քանի օրերի ընթացքում: Ըստ բազմաթիվ բաց աղբյուրների և անձնական վկայությունների, դեպքերի այս շղթան բացահայտում է մարդու հիմնարար իրավունքների խախտումների մի շարք դրվագներ։

Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ Լիլիթ Աղեկյանը գտնվել է մի շարք պետական մարմիններում, այդ թվում՝ դատարանում, գիշերազգեստով և հողաթափերով, հիգիենիկ ու առողջապահական նվազագույն պայմանների բացակայությամբ, այդ թվում՝ կանանց բնորոշ բնականոն ֆիզիոլոգիական վիճակում գտնվելու պայմաններում։ 

Պետական մարմինների վերահսկողության ներքո գտնվող անձը հանդիսանում է իրավական պաշտպանության հատուկ սուբյեկտ՝ ըստ ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի և այլ պարտավորեցնող միջազգային ակտերի։

Հաշվի առնելով վերոնշյալը, մենք պահանջում ենք՝

Անհապաղ իրականացնել անկախ, հրապարակային, բազմակողմանի և արդյունավետ քրեական վարույթ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կիրառված գործողությունների, նրա նկատմամբ դրսևորված խոշտանգման և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահման հնարավոր այլ դեպքերի վերաբերյալ և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։

 

Քննության առարկա դարձնել  ոստիկան Կարեն Գևորգյանի գործողությունները, հատկապես՝ Լիլիթ Աղեկյանի զննման գործընթացում նրա մասնակցության փաստը և գործառույթների խախտման հանգամանքները։

Քրեական վարույթի շրջանակներում ապահովել և երաշխավորել Լիլիթ Աղեկյանի ընթացակարգային իրավունքները, այդ թվում՝ իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքի արդյունավետ իրացումը։

Անհապաղ քննության առնել Լիլիթ Աղեկյանի բերման ենթարկման և պահման վերաբերյալ բոլոր տեսաձայնագրությունները, որոնք առկա են հատուկ վերահսկողության տակ գտնվող շենքերում՝ ի դեմս «Կումայրիի» բաժնի, «Մուշի» ՁՊՎ-ի և դատարանի։

 

Տեղեկացնել հանրությանը խախտումները կանխելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջոցներ ձեռնարկելու մասին։

Այս դեպքի հանգամանքները միայն մեկ անձի անձնական փորձի արտացոլում չեն, այլ համակարգային խախտումներ են՝ պայմանավորված ՀՀ կառավարության կողմից ոստիկանության համակարգում բարեփոխումների իրականացման քաղաքական կամքի բացակայությամբ և անգործությամբ։ Ոստիկանության վերահսկողության ներքո գտնվող անձանց նկատմամբ բռնությունները շարունակվում են տոտալ անպատժելիության պայմաններում՝ իր հերթին նպաստելով բռնությունների նոր դեպքերի կրկնության։ 

 

Մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում պատասխանատու մարմիններին անհապաղ դադարեցնել մարդու իրավունքների կոպտագույն խախտումների շարունակական շղթան։ Պահանջում ենք իրականացնել օրենքով ստանձնված բոլոր գործառույթները՝ վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու պատշաճ գնահատական տալու կատարվածին։

 

Գայանե Շագոյան, ՀՀ քաղաքացի

Լալա Ասլիկյան, ՀՀ քաղաքացի

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

Փաստաբաններ մարդու իրավունքների համար ՀԿ

Զարուհի Հովհաննիսյան, ՀՀ քաղաքացի

Երևանի մամուլի ակումբ

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Էկոլուր տեղեկատվական ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Հանրային լրագրության ակումբ ՀԿ

Սոնա Աղեկյան, «Մայր Հայաստան» դաշինքի անդամ

Սուսաննա Մելիքյան, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության  անդամ

Աննա Ավետիսյան, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ

«Միասին» շարժման կանանց խորհուրդ

Արմինե Ադիբեկյան, ՀՀ քաղաքացի

Զարուհի Համբարձումյան, ՀՀ քաղաքացի

  • Կիսվել: