հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վարդանաշեն և հարակից գյուղերի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը

Վարդանաշեն և հարակից գյուղերի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը

Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Վարդանաշեն, Երասխահուն բնակավայրերի շուրջ 100 գյուղացիները, որոնք ոռոգման ջրի գնի բարձրացման համար փակել էին Մարգարա-Վանաձոր միջպետական ճանապարհը, այժմ այն բացել են։ Այս մասին Factor.am-ին հայտնեց Վարդանաշենի վարչական ղեկավար Միհրան Հովհաննիսյանը։

Նրա փոխանցմամբ՝ արտեզյան հորերի պոմպերի վրա ջրաչափեր են տեղադրվել, որոնց պատճառով ջուրը կրկնակի թանկացել է, վրդովված գյուղացիներն էլ այս քայլին են դիմել։

«Անցյալ տարի, երբ գյուղացիները 1 հեկտար առվույտը ջրել են, արժեքը կազմել է 16 հազար դրամ, այս սեզոնին հողօգտագործողները ջրել են առվույտի ցանքատարածությունները և գինը բարձր է կազմել, գյուղացի կա, որ ջրել է և գինը 45 հազար դրամ է կազմել։ Գյուղացիները բողոքում են, որ հնարավորություն չունեն նման բարձր արժեքով ոռոգման ջրի համար վճարել։ Պահանջում են, որ ոռոգման ջրի արժեքը նվազեցնեն»,- ներկայացրեց վարչական ղեկավարը։

Վարդանաշենի վարչական ղեկավարն ասաց, որ Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավարը հանդիպել է ճանապարհը փակած գյուղացիների հետ և խոստացել խնդիրը բարձրաձայնել մարզպետարանում։ Գյուղացիներն էլ բացել են ճանապարհը՝ պայմանով, որ մարզպետարանն ու Կառավարությունը խնդիրը կլուծեն։

  • Կիսվել: