Տուն ուղարկեք այդ կադրերին. մեզ պետք են աշխատող մարդիկ. Հրաչյա Սարգսյան
Երևանի քաղաքապետարանում գործավարական խորհրդակցությանը Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի օդափոխության համակարգի ձեռբերման ուղղությամբ իրականացված աշխատանքի ընթացքի մասին զեկուցման ժամանակ նշվեց, որ ժամկետի երկարացում է տեղի ունեցել, բացումը տեղի կունենա ապրիլի 8-ին։
«Նկատողություն ստացա՞վ այն անձը, ով տեխնիկական բնութագիրը սխալ էր լրացրել»,- դիմելով Վերահսկողական վարչության պետ Արթուր Ավետիսյանին, հարցրեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նշվեց, որ քաղաքապետի հանձնարարականի համաձայն ստացել է։
«Իմ հանձնարակականով չպետք է լինի, ձեր հանձնարակականով պետք է լինի։ Ի՞նչ է նշանակում 1 միլիարդ դրամի գնումների դեպքում տեխպայմանագրում սխալ է լինում։ Դա նշանակում է՝ եւս 40 օր պետք է երկարի գործընթացը։ Դա խոսում այն մասին, որ մենք վատ ենք աշխատում կամ չունենք համապատասխան կադրեր։ Չունենք, ուրեմն ուղարկեք տուն այդ կադրերին։ Մեզ պետք են աշխատող մարդիկ, որ աշխատեն։ Իրենք պատկերացնո՞ւմ են, երբ մի բանի տակ ստորագրում են,1 միլիարդ դրամն ինչ է»,– ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։