Ճիշտ ենք համարում քաղաքացիներից հարցնել՝ ում են նախընտրում տեսնել Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնում. Արթուր Հովհաննիսյան
Ըստ էության, մենք անցկացնում ենք նախնական ընտրություններ, որի ձևաչափը մի փոքր փոփոխված է: Այսինքն՝ դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին Գյումրիում լինելու են շրջիկ խմբեր, որոնք առավոտյան դուրս են գալու և շրջելու են քաղաքի փողոցներով: Իրենք են թակելու գյումրեցիների դռները՝ առաջարկելով ընտրել առաջարկվող 7 թեկնածուից որևէ մեկին, ում վարչապետը կնշանակի Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրուցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Նա նաև որոշ մանրամասներ հայտնեց՝ ինչպես է կատարվելու քաղաքացիների կողմից թեկնածուների ընտրությունը:
«Քվեատուփով մարդիկ դուռը թակելու են, տալու են քվեաթերթիկը, քաղաքացին քվեաթերթիկը փակ ռեժիմով քվեարկելու է և նետելու է քվեատուփը: 3 օր անց քվեատուփերը բացվելու են, և հաշվարկից հետո, որը հրապարակային է լինելու, այս ամենի մասին բնականաբար արդեն կիմանանք»,- տեղեկացրեց նա:
Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք նպատակ ունեն հնարավորինս անկանխատեսելի ընթացք կազմակերպել, որ որևէ գյումրեցի չիմանա՝ այդ օրը իր դուռը թակելու են, թե չէ, ինչը թույլ կտա զերծ մնալ թեկնածուների կողմից որևէ ներգործությունից:
«Թափանցիկությունը հնարավորինս ապահովել ենք և կապահովենք հողի վրա: Անկանխատեսելիությունն ապահովել ենք, հողի վրա էլ կապահովենք»,- նշեց Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ մեծ թվով գյումրեցիներ կմասնակցեն այդ գործընթացին:
Նա համոզմունք հայտնեց՝ սա շատ լավ հնարավորություն է քաղաքական առումով:
«Ժամանակավոր պաշտոնակատարին վարչապետը կարող է հայեցողությամբ նշանակել, բայց մենք գնացել ենք այլ ճանապարհով և քանի որ նաև գիտենք՝ առջևում Գյումրիում քաղաքապետի արտահերթ ընտրություններ են լինելու, ճիշտ ենք համարում քաղաքացիներից հարցնել՝ ում են նախընտրում տեսնել Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնում»,- տեղեկացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը:
Հարցին՝ ստացվել էր 9 դիմում, ինչ սկզբունքով են ֆիլտրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուները, Հովհաննիսյանը պատասխանեց՝ ֆիլտրել է ՔՊԿ վարչությունը՝ նաև քաղաքական հայեցողության սկզբունքով:
«Որոշ դրվագներ կային տվյալ թեկնածուների կենսագրականներում, որոնք չէին բխում, մեր ընկալմամբ, քաղաքապետի թեկնածու լինելու տրամաբանությունից: Մեր քաղաքացիներին, որոնք դիմել էին թեկնածության համար, գործընկերային միջավայրում բացատրել ենք հիմնավորումները թեկնածության մերժման և հրաժեշտ ենք տվել միմյանց բարեհամբույր միջավայրում»,- հայտնեց նա:
Նա գյումրեցիներին կոչ արեց հնարավորինս ակտիվ լինել, մասնակցել գործընթացին և ընտրել իրենց թեկուզ ժամանակավոր պաշտոնակատարին: