ՔՏՀԱՏՄ տեսուչները դիտարկել են Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտի աշխատանքը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները հոկտեմբերի 1-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների հետ հակահամաճարակային կանոնների պահպանման համատեքստում համատեղ դիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտի աշխատանքը։
Ինչպես տեղեկացրին ՔՏՀԱ տեսչական մարմնից, կառույցի մասնագետները Կենտրոնում, մասնավորապես Խանջյան-Տիգրան Մեծի խաչմերուկի և դրան հարակից կանգառներում ուսումնասիրել են կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց։
«Վերահսկողական դիտարկման արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների 5 խախտում է հայտնաբերել։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Վերահսկողության հետ միաժամանակ տեսչական մարմնի մասնագետները շարունակել են կանխարգելիչ, բացատրական և իրազեկման աշխատանքներ իրականացնել, որի նպատակը հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանումն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ առաջիկա հանգստյան օրերին ևս հասարակական տրանսպորտը կլինի տեսչական վերահսկողության ներքո։