ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՔՊ-ն Նարեկ Զեյնալյանին առաջադրեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

ՔՊ-ն Նարեկ Զեյնալյանին առաջադրեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ազգային ժողովի ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցությունը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց պատգամավոր Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը: Նրան ներկայացրեց ՔՊ խմբակցության անդամ Լուսինե Բադալյանը:

Ինչպես իր ելույթում նշեց Նարեկ Զեյնալյանը՝ նախորդ 2.5 տարիների ընթացքում առողջապահության ոլորտում զգալի աշխատանքներ են իրականացվել, սակայն վերջին տարիներին, կորոնավիրուսով, ինչպես նաև պատերազմով պայմանավորված, իրավիճակը բավականին լարված է եղել:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Համավարակը մարտահրավեր էր ողջ աշխարհի համար: Անկախ առողջապահական համակարգի զարգացման աստիճանից՝ որևէ երկիր պատրաստ չէր համավարակին, նրա հետևանքներին դիմագրավելուն և պատշաճ հակազդելուն: Եվ շատ ավելի զարգացած, կայացած առողջապահական համակարգեր ունեցող երկրներում համաճարակային իրավիճակն ավելի անբարենպաստ էր, քան Հայաստանում:

Դժբախտաբար, ունեցանք նաև պատերազմ, և առողջապահական համակարգի համար բացվեց երկրորդ ճակատը: Վստահեցնում եմ՝ արվել է առավելագույնը, որպեսզի մեղմվի համավարակի ազդեցությունը, պատշաճ պայքար տարվի, առավելագույնը, որ վիրավոր զինվորները ստանան պատշաճ բուժօգնություն, ինչպես նաև պատշաճ կերպով սպասարկվի քաղաքացիական բնակչությունը՛՛:

ՔՊ-ական պատգամավորը կոչ արեց քաղաքացիներին չտրվել հակապատվաստումային քարոզչությանը և պատվաստվել, քանի որ դա է համավարակի դեմ միակ արդյունավետ պայքարի ձևը:

  • Կիսվել: