երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ներկայացվել են հանրակրթության ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները. ԿԳՄՍՆ

Ներկայացվել են հանրակրթության ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները. ԿԳՄՍՆ

Կրթության համաշխարհային գործընկերության (ԿՀԳ) հիմնադրամի տրամադրած կրթության ոլորտային ծրագրի մշակման դրամաշնորհի շրջանակում իրականացվել են ուսումնասիրություններ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչության և Ասիական զարգացման բանկի գործընկերությամբ: ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրականացրել է հետազոտական 6 խմբերի հավաքագրում, իսկ Ասիական զարգացման բանկը ծառայել է որպես համակարգող գործակալություն և իրականացրել է տեղական կրթական խմբի համակարգում, որը բաղկացած է շուրջ 40 մարմիններից: Այդ խմբերից երկուսն այսօր մեկնարկած քննարկումների ընթացքում ներկայացրել են իրենց ուսումնասիրությունները:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ ԿՀԳ-ի տրամադրած դրամաշնորհն ուղղված է մեծապես աջակցելու հանրակրթության ոլորտում փաստահեն քաղաքականության մշակմանը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է, որ ուսումնասիրության արդյունքները հրապարակվում են այն փուլում, երբ քննարկվում են «Կրթության՝ մինչև 2030 թվականը կրթության զարգացման պետական ծրագիրը» և գործողությունների պլանը: Նա փաստել է, որ այդ արդյունքները մեծապես փոխկապակցված են ռազմավարական այն շեշտադրումների և ուղղությունների հետ, որոնք զուգահեռ ընթանում են վերոնշյալ փաստաթղթերի մշակման գործընթացում:

«Կարևորում եմ նաև այն փաստը, որ այս գործընկերությունը նախաձեռնել ենք մի փուլում, երբ ձևավորվում էր Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը: Մեր նպատակն է, որպեսզի կարողանանք այս նախաձեռնության միջոցով զարգացնել հետազոտական կարողությունները և գործընկերությունը ԿԶՆԱԿ-ի հետ և այդ համատեղ աշխատանքն օգտագործել ի նպաստ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հանդիպման մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Ներկաներին ողջունել են նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին և Ասիական զարգացման բանկի ծրագրի ղեկավար Գոհար Մուսայելյանը:

Բացման խոսքերից հետո ներկայացվել են «Նախադպրոցական կրթության համապարփակ ոլորտային վերլուծություն» և «Հայաստանում ուսուցիչների կառավարման համակարգի վերլուծություն» թեմաներով ուսումնասիրությունների արդյունքները, որի շրջանակում տեղի են ունեցել խմբային աշխատանքներ:

Քննարկումները կշարունակվեն վաղը՝ մարտի 12-ին, որի ընթացքում կներկայացվեն նաև մյուս երկու՝ «Հավասարության և արդարություն վրա հիմնված դասարանային գնահատման պրակտիկայի վերլուծություն՝ աշակերտների ուսուցման վերջնարդյունքների բարելավման համար` քաղաքական առաջարկություններ նախաձեռնելու նպատակով» և «Հայաստանում ուսուցման գնահատման համակարգի վերլուծություն» թեմաներով ուսումնասիրությունների արդյունքները: Քննարկման մասնակիցներից ստացված առաջարկությունների հիման վրա դրանք կամբողջացվեն և ավարտին կհասցվեն:

  • Կիսվել: