շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Նախագծերի փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսավարող սուբյեկտները պարտավոր կլինեն իրականացնել տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը

Նախագծերի փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսավարող սուբյեկտները պարտավոր կլինեն իրականացնել տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը

Օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում տնտեսավարող սուբյեկտները կպարտավորվեն շինության մուտքը եւ բոլոր կողմերն ապահովել անընդմեջ եւ բարձր որակի (24/7 ռեժիմով, գունավոր, նվազագույնը 4 մեգապիքսել հզորությամբ, 30 մետր հեռավորությամբ գիշերային լուսավորման հնարավորությամբ արտաքին ցանցային տեսախցիկներ (IP)) տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու եւ տեսագրությունն առնվազն 15 օր պահպանելու հնարավորությամբ:

Խոսքը բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, դեղատների, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերի, փոստային կապի օբյեկտների, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման նպատակով օգտագործվող տարածքների, ուսումնական հաստատությունների, զենքի առեւտրով զբաղվող կազմակերպությունների, 100 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առեւտրի օբյեկտների, ինչպես նաեւ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերի, առեւտրի իրականացման վայրերի, մետրոպոլիտենի, ստորգետնյա ավտոկայանատեղերի, 50 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների մասին է:

Խորհրդարանը հունիսի 11-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Այն հեղինակել են ՀՀ կառավարությունը եւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Նախաձեռնությունը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Տեսահսկումը պետք է իրականացվի այնպես, որ եթե տվյալ տարածքը տեղակայված է շենքի (շինությունների) առաջին հարկում, ապա տվյալ տարածքի երկայնքով ապահովվի երկկողմանի տեսահսկում՝ տեսախցիկների տեսադաշտում ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), երկայնքով՝ ամբողջ տարածքը: Եթե տվյալ տարածքն առանձին շենք (շինություն) է, ապա ապահովվի ամբողջ տարածքի պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները): Եթե տվյալ տարածքն առանձին շենք (շինություն) է, որն առանձնացված է պարսպով, ապա ապահովվի ամբողջ պարսպի երկայնքով պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները)՝ 2 մետր լայնությամբ, իսկ պարսպի բացակայության դեպքում տեսահսկման համակարգերը պետք է տեղադրվեն տնտեսավարողի սեփականություն հանդիսացող տարածքի ամբողջ երկայնքով:

Ավտոբուսների եւ միկրոավտոբուսների ուղեսրահների, շտապ օգնության ավտոմեքենաների տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավոր լինի տեսահսկել ինչպես դրանց դիմացի հատվածն ամբողջությամբ, այնպես էլ՝ ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահը:

Զեկուցողը նշել է, որ նախաձեռնության հիմնական նպատակը հանրային անվտանգության ավելի բարձր շեմի ապահովումն է:

Փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսավարող սուբյեկտները պարտավոր կլինեն մեկ տարվա ընթացքում իրականացնել տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը: Պատգամավոր Արփինե Դավոյանն առաջարկել է երկարացնել այս ժամկետը, ինչը փոխնախարարն ընդունելի է համարել:

Փաթեթի համահեղինակ Հայկ Սարգսյանը նշել է, որ նախաձեռնությունը մշակվել է շուրջ մեկ տարի, որի համար հիմք են հանդիսացել մի շարք հանգամանքներ՝ կապված որոշ հանցագործությունների բացահայտման դժվարությունների հետ: Նշվել է, որ փաթեթի ընդունման արդյունքում ոստիկանությունն անհրաժեշտության դեպքում իրավունք կունենա պահանջել եւ ստանալ տեսահսկման համակարգերի տեսագրությունները, ինչպես նաեւ ունենալ հասանելիություն այդ համակարգերին՝ «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնե» ՊՈԱԿ-ի միջոցով՝ ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով:

  • Կիսվել: