երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Մեզ տեսնելով՝ սկսեցին հայհոյել եբրայերենով և ռուսերենով՝ «մահ հայերին», «ազերները ձեզ լավ արեցին՝ սպանեցին»․ Տեր Տիրան վարդապետ Հակոբյան

Մեզ տեսնելով՝ սկսեցին հայհոյել եբրայերենով և ռուսերենով՝ «մահ հայերին», «ազերները ձեզ լավ արեցին՝ սպանեցին»․ Տեր Տիրան վարդապետ Հակոբյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ երեկ ծայրահեղականների կողմից կեսգիշերին հարձակում է եղել Երուսաղեմի հայ վարդապետներից մեկի վրա։

Այս առնչությամբ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հայտարարություն էր տարածել. «Պատրիարքությունը պաշտոնապես բողոք է ներկայացրել ոստիկանություն, դրանից հետո հարձակվողներից երեքը ձերբակալվել են: Մեր պահանջն է, որ ոստիկանությունն արդար քննություն կատարի, և հանցագործները պատժվեն օրենքի համաձայն՝ ապագայում նման դեպքերի կրկնությունից խուսափելու համար»։

Իսկ արդեն այսօր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Տեր Տիրան վարդապետ Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ դեպքից մանրամասներ է հայտնել դեպքի մասին․ «Մայիս 17-ի կեսգիշերին, լույս 18-ին, մոտավորապես 00:20-ին, մի քանի հրեաներ հարձակվեցին իմ և Հայր Արբակի վրա։ Միասին Սուրբ Հարության Տաճար էինք իջնում՝ ծառայության։ Մեզ տեսնելով՝ սկսեցին հայհոյել՝ եբրայերենով և ռուսերենով՝ «Մահ հայերին», «ազերները ձեզ լավ արեցին՝ սպանեցին», «ձեզի պիտի սպանենք ձեր Եշուային նման», «մահ Քրիստոնյաներին»։ Իսկ երբ նրանց ոստիկանատուն հրավիրեցի, պատասխանեցին. «մենք ոստիկանների…, ոստիկանների առջև ձեզ կծեծենք»։

Ծեծկռտուքը իրենք սկսեցին, և առաջին հարվածը ինձ տվեցին, ապա Հայր Արբակը ինձ ուզեց պաշտպանել, և ինքն էլ հարված ստացավ, և երեքով հարձակվեցին Հայր Արբակի վրա։ Ծեծկռտուքի ժամանակ ոստիկաններ կանչեցի, որոնք անմիջապես հասան, և նրանցից չորսին ձերբակալեցին, որ հիմա ազատ են արձակվել չբացակայելու պայմանով։ Հարուցված է քրեական գործ»։

Վարդապետը նաև նշել է, որ Հայր Արբակն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ ոստիկանապետը Հայոց պատրիարքի հետ զրույցում հաստատել է, որ քրեական գործն իր հսկողության ներքո է:

  • Կիսվել: