երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մեթոդական, մասնագիտական օգնություն և համալիր ստուգումներ՝ ՆԳՆ ՓԾ Լոռու փրկարարական վարչությունում

Մեթոդական, մասնագիտական օգնություն և համալիր ստուգումներ՝ ՆԳՆ ՓԾ Լոռու փրկարարական վարչությունում

Համաձայն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ. Ցուցուլյանի 2023 թվականի հուլիսի 12-ի հրամանի՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ե. Կարապետյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը՝ ս. թ. հուլիսի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզային փրկարարական վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում իրականացնում է մեթոդական, մասնագիտական օգնության ցուցաբերում և համալիր ստուգումներ:

Աշխատանքային խմբում ընդգրկված են ՓԾ կառուցվածքային բոլոր ստորաբաժանումներից համապատասխան մասնագետներ, ովքեր ըստ ուղղությունների մեթոդական օժանդակություն կցուցաբերեն մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին, միաժամանակ համալիր ստուգումների արդյունքում ի հայտ եկած խնդիրներին տեղում կփորձեն տալ իրավիճակային լուծումներ և մասնագիտական խորհուրդներ՝ գործունեության բարելավման ուղղությամբ։

Հուլիսի 18-ին մեկնարկը տրվեց մարզային փրկարարական վարչության տարածքում, որտեղ տնօրենի տեղակալը մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմի հետ անցկացրեց շարային ստուգատես։

Շարային ստուգատեսին ներկա էր վարչության ենթակա 7 ստորաբաժանումների անձնակազմը՝ 140 ծառայող և 10 միավոր հրշեջ-փրկարարական տեխնիկա։

Լոռու ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ս․Գաբրիելյանի ստուգատեսին պատրաստ լինելու վերաբերյալ զեկուցին հաջորդեց առկա գույք-սարքավորումների ու տեխնիկայի, հրշեջ մեքենաների մարտական վիճակի ստուգման գործընթացը։ Մարտական հաշվարկներին հանձնարարվեց իրականացնել ստուգողական բացազատումներ (ավտոսանդուղք, ավտոբաք և փրկարարական առաջին օգնության տեխնիկա)։

Միաժամանակ իրականացվեցին ծառայողների արտաքին տեսքի, ընդհանուր պատրաստվածության, ծառայողական վկայականների, վարորդական իրավունքների առկայության ստուգման աշխատանքներ։

Օրվա ավարտին՝ փ/ծ գնդապետ Ե․ Կարապետյանը աշխատանքային խմբի անդամներին հանձնարարեց շարունակել աշխատանքները նաև ենթակա ստորաբաժանումներում՝ առկա խնդիրների հայտնաբերման, թերությունների շտկման և մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով:

  • Կիսվել: