երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ Լոռու և Շիրակի մարզերում

Հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ Լոռու և Շիրակի մարզերում

Ապրիլ ամսվա ընթացքում ՆԳՆ ՓԾ Լոռու և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները տարաբնույթ միջոցառումներ և ուսումնավարժանքներ են իրականացրել՝ ուղղված հանրային իրազեկվածության բարձրացմանը, անվտանգության մշակույթի և աղետակայուն միջավայրի ձևավորմանը։

Նմանօրինակ միջոցառումները նպատակ ունեն բարձրացնել բնակչության պաշտպանվածությունը՝ տեղեկություններ փոխանցելով համայնքներին բնորոշ աղետների վերաբերյալ, ուղղորդելով և ուսուցանելով վարքականոններ, որոնք հնարավորություն կտան վերջիններիս քայլեր ձեռնարկել և լինել հնարավորինս պաշտպանված։

Միջոցառումների ընթացքում, շեշտը դնելով կրթական մարմինների հետ համագործակցության վրա, Փրկարար ծառայության ստորաբաժանումները կիրառում են տարբեր տեխնիկաներ, ներկայացնում իրական դեպքերից քաղված դասեր, որոնք կնպաստեն աղետների ռիսկի նվազեցմանը և հետևանքների մեղմացմանը։

Վերոնշյալ համատեքստում՝ մարզային փրկարարական վարչությունների ծառայողները Շիրակի մարզի Պեմզաշեն, Լեռնակերտ, Տուֆաշեն, Հայրենյաց և Հայկասար բնակավայրերում, Լոռու մարզի Եղեգնուտ, Փամբակ համայնքներում, Լեռնահովիտ և Կաթնառատ բնակավայրերի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև Վանաձորի պետական համալսարանում իրականացրել են «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոններ և տարհանում» թեմայով դասախոսություններ։

Դասախոսություններին զուգահեռ՝ մարզային ստորաբաժանումների անձնակազմը տակտիկական ուսումնավարժություններ և գործնական պարապմունքներ են անցկացրել տարբեր նշանակության կազմակերպություններում և հաստատություններում՝ բարելավելով անձնակազմի գիտելիքները, արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունները և կարողությունները։

ՓԾ Շիրակի ՄՓՎ պետի տեղակալի ղեկավարությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Գյումրի կայարան միավորում ստորաբաժանման ղեկավար անձնակազմի հետ անց է կացվել «Հրդեհային անվտանգության հիմունքները» և «Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները» թեմաներով դասընթաց, ինչպես նաև անցկացվել է գործնական պարապմունք՝ «Օդային տագնապի դեպքում կազմակերպության անձնակազմի պատսպարումը պաշտպանական կառույցում» թեմայով, միաժամանակ տեղում ուսումնասիրվել է կազմակերպության պաշտպանական կառույցը։

Լոռու մարզի Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից «Հրդեհաշիջում տրանսֆորմատորային բջիջում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել «ՁորաՀԷԿ» ՍՊԸ-ի տարածքում, որի նպատակ էր կատարելագործել արձագանքող ուժերի և այլ ստորաբաժանումների ներդաշնակ աշխատանքը և գործնական ունակությունները։
Կարևորելով նմանատիպ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը` վերջիններս կրելու են շարունակական բնույթ։

  • Կիսվել: