երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կենտրոն ՀԸ լրագրողն ու օպերատորը հարձակման են ենթարկվել. շա՛տ վատ է. պատգամավոր

Կենտրոն ՀԸ լրագրողն ու օպերատորը հարձակման են ենթարկվել. շա՛տ վատ է. պատգամավոր

Ըստ նախնական լուրերի՝ Կենտրոն հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը հարձակման են ենթարկվել: Շա՛տ վատ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ Հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի և տեղեկատվության ոլորտների ենթահանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը՝ անդրադառնալով «Կենտրոն» ՀԸ-ի լրագողի և օպերատորի վրա հարձակմանը:

Նա, մասնավորապես, գրել է.

Կա՞ն անխտիր բոլոր լրագրողներին կամ լրատվամիջոցներին սիրող մարդիկ. անկեղծ՝ չեմ կարծում: Կա՞ն սիրելու ոչ ենթակա լրագրողներ կամ լրատվամիջոցներ, պատասխանը թող յուրաքանչյուրն իր համար տա: Հիմայի մասին համեստորեն լռելով՝ վստահ եմ, ինձ էլ ժամանակին չսիրողներ եղել են: Խնդիրը հենց դա է, որ ինչ-որ լրագրողի կամ լրատվամիջոցի սիրել-չսիրելը դա մեզնից յուրաքանչյուրի անձնական, անհատական, բոլորովին ներքին խնդիրն է:

Իսկ ոչ անձնական հարթությունում ուղղակի ականջներիս օղ պետք է անենք, որ լրատվություն հաղորդելը ինստիտուցիոնալ պարտավորություն է դա անողի կողմից, և հույժ կարևոր անհրաժեշտություն՝ նորմալ պետության ու հասարակության համար:

Կա՞ն այդ դաշտում բարդություններ: Ակնհայտորեն կան: Ու եղե՛լ են: Բազմաթիվ անգամներ ասել եմ՝ տեսանելի են նաև դրա բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները: Դրանք շատերը բարդ, բայց ժամանակի հետ շտկելի են: Բայց նույնիսկ մեծ բարդությունների առկայության դեպքում՝ ով ուզում է հետս համաձայն չլինի, պնդում եմ, լրատվություն հաղորդողին մատով կպնել չի՛ կարելի:

Սրա գիտակցման արմատավորումը մեր բանականությունում այսօրվա համար չէ՛ ընդամենը: Դրա նպատակները հեռահար են, միտված վաղվա օրվա նոր մշակույթին, որի սկիզբը հիմա պետք է դնենք: Չե՞ք սիրում լրագրողին՝ մի՛ սիրեք, բայց մի համարձակվեք խանգարել նրան. նա իր գործը սիրվելու համա՛ր չի անում»:

Հիշեցնենք, որ այսօր «Կենտրոն» հեռուստաընկերության խմբագրությունը հայտարարություն էր տարածել՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ։

Այս միջադեպով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Հիշեցնենք, որ այսօր Հովտաշատում աշխատանքային գործունեության ժամանակ, ըստ «Կենտրոն» ՀԸ-ի տարածած հաղորդագրության՝ հարձակում է տեղի ունեցել իրենց գործընկերների նկատմամբ: Մասնագիտական գործունեությունն իրականացնելիս՝ որոշ անձինք բռնություն են կիրառել լրագրողի նկատմամբ՝ խոչընդոտելով վերջինիս աշխատանքը: 

 

  • Կիսվել: