երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Կայացավ Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցին նվիրված սեմինար-քննարկում

Կայացավ Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցին նվիրված սեմինար-քննարկում

«Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական ՀԿ-ի նախաձեռնությամբ մայիսի 19-ին կայացավ Հունաստանի ազգային ազատագրական պայքարի 200-ամյակին և Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցին նվիրված սեմինար-քննարկում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկման ընթացքում համեմատականներ անցկացվեցին Հայոց ցեղասպանության հետ։

ԳՈՎԱԶԴ00:11Իմանալ ավելին
ՀԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Վազգեն Պետրոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ սեմինար-քննարկման ժամանակ կփորձեն ելքեր գտնել հայ և հույն ժողովուրդների պատմական իրավունքների վերականգնման համար։

«Հայերն ու հույներն այն ժողովուրդն են, ովքեր հազարավոր տարիներ ապրել են այս տարածքում, հայերն Արևմտյան Հայաստանում ապրել են մի քանի հազար տարի, ինչպես նաև հույները։ Թուրքերն այդ տարածքներ եկել են մի քանի դար առաջ՝ կոտորելով հայերին ու հույներին՝ տիրացել են մեր պապենական հողերին։ Նրանք այդ ընթացքում ոչնչացրին ոչ միայն հայերին ու հույներին, այլև ասորիներին ու քրդերին։ Ակամայից, մենք այսօր ունենք մեկ միասնական թշնամի, որի անունն է Թուրքիա»,- նշեց Պետրոսյանը։

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը նշեց, որ թուրքերի կողմից իրականացվող ցեղասպանությունը դարեր ի վեր շարունակական բնույթ է կրել։

«Այն ցեղասպան յաթաղանը, որ գործադրվեց մեր ժողովրդի նկատմամբ, նույնը կիրառվել էր նաև Փոքր Ասիայում ապրող այլ ժողովուրդների նկատմամբ ևս, այդ թվում՝ հույների, ովքեր Պոնտոսի շրջանի բնիկ տերերն էին համարվում»,- ասաց Մինասյանը։

ԵՊՀ Ցեղասպանության կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության ամբիոնի վարիչ, ՀՑԹ-ի Համեմատական ցեղասպանագիտության ամբիոնի վարիչ Սուրեն Մանուկյանը համեմատականներ անցկացրեց հույների ցեղասպանության և Հայոց ցեղասպանության միջև։

«Ամենակարևոր նմանություններից մեկը երկու ցեղասպանությունների միջև այն էր, որ ոճրագործը նույնն էր՝ Թուրքիան։ Սա շատ կարևոր է, քանի որ շատ դեպքերում ժխտողականներն ասում են, որ հնարավոր չէ գտնել այդ արարքը մտադրված կատարելու ապացույցը, ինչը կարևոր է ցեղասպանության կոնվենցիայի համաձայն, որպեսզի կատարվածն իրավական առումով ճանաչվի «ցեղասպանություն»։ Նույն երկիր կողմից նույն արարքը մեկ այլ ազգի նկատմամբ կատարելը շատ կարևոր է այս առումով։ Մեկ այլ նմանություն էլ այն է, որ երկու ժողովրդի դեպքում էլ իրականացվել են և՛ սպանություններ, և՛ ձերբակալություններ։ Հայոց ցեղասպանության դեպքում այդ ամենը կարծում եմ ավելի ընդգծված էր։ Այս ամենի նպատակը եղել է թուրքացման քաղաքականությունը»,- ասաց Մանուկյանը։

Այսօր՝ մայիսի 19-ին, հույները հարգում են 1916-1922թթ. Օսմանյան կայսրության ու Թուրքիայի հանրապետության կողմից իրականացրած Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը:

  • Կիսվել: