Իրանն ու Հայաստանն ընդլայնում են բժշկության և բժշկական սարքավորումների ոլորտում համագործակցությունը
Իրանի պարենի և դեղերի կազմակերպության միջազգային հարցերով տնօրեն Համիդռեզա Ինանլուն, անդրադառնալով Հայաստանի առողջապահական ոլորտի պատասխանատուների հետ իր վերջին հանդիպմանը, հայտարարել է, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև բժշկության և բժշկական սարքավորումների ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները, գրում է parstoday.ir-ը:
Անդրադառնալով դեղորայքի և բժշկական սարքավորումների արտադրության ոլորտում ԻԻՀ կարողություններին, Ինանլուն ասել է. «Հանդիպմանը ներկայացրել եմ Իրանի պարենի և դեղորայքի կազմակերպության՝ դեղերի և բժշկական սարքավորումների մատակարարման շղթայի մոնիտորինգի փորձը։ Երկկողմ ընդգծվել է ոլորտում համագործակցության զարգացման և փորձի փոխանակման անհրաժեշտությունը»։
Նա նշել է․ «Հանդիպման կարևոր առանցքներից էր Հայաստանի Առողջապահության նախարարության հետ համագործակցությունն ու խորհրդակցությունը՝ ԵԱՏՄ-ին Իրանի միանալու և դեղերի ու բժշկական սարքավորումների գրանցման գործընթացների դյուրացման հարցում»։
Ինանլուն նշել է, որ երկու երկրների միջև փոխանակվել է դեղորայքի և բժշկական սարքավորումների հրատապ կարիքների ցուցակը՝ որպես փոխգործակցության ամրապնդման կարևոր քայլ։