Հայտնաբերվել են 2287 մահացած անձի վերաբերյալ տվյալներ. դրանք հանվել են ընտրողների ցուցակից. Մկրտչյան
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստեղծվել է թեժ գիծ, որի միջոցով ամբողջ ընթացքում ստացվել է ընտրացուցակների վերաբերյալ 319 զանգ: Այս մասին այսօր ԿԸՀ-ում կայացած ասուլիսի ժամանակ նշել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Արա Մկրտչյանը:
Նա հավելեց, որ ահազանգերից 309-ը եղել են տեղեկատվական բնույթի:
Մկրտչյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Փորձը ցույց է տվել, որ բոլոր ընտրությունների ժամանակ բարձրաձայնվում, քննարկվում, նաև որոշ դեպքերում շահարկվում է մահացած մարդկանց տվյալների առկայությունը:
Հարկ եմ համարում նշել, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ անձը բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից մահվան հիմքով հանվում է սահմանված կարգով մահն իրավասու մարմնում գրանցելու դեպքում: Շատ են դեպքերը, երբ անձի մահվան տեղեկատվությունը հասու չի լինում իրավասու մարմին: Օրինակ՝ երբ անձը մահացել է օտարերկրյա պետությունում՛՛:
Նա ասաց նաեւ, որ ոստիկանության ստուգումների արդյունքում հայտնաբերվել են 2287 մահացած անձի վերաբերյալ տվյալներ, որոնք գրանցված չեն եղել ՔԿԱԳ մարմինների կողմից: Դրանք ընտրողների ցուցակից հանվել են: