Ռուսաստանում քրեական գործ են հարուցել Վրաստանում ռուսական դրոշի պղծման կապակցությամբ
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը կարգադրել է քրեական գործ հարուցել Վրաստանում երգի փառատոնի ժամանակ Ռուսաստանի դրոշը պղծելու փաստի առթիվ։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Լրատվամիջոցները հայտնել են, որ Վրաստանի Հանրապետությունում երգի փառատոնի ժամանակ կատարողներից մեկը պղծել է Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը։ ՌԴ Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության քննիչներին քրեական գործ հարուցել՝ հանցագործներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար»։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեսանյութ էր հայտնվել, որում վրացի երգիչը Թբիլիսիում երաժշտական փառատոնի ժամանակ պղծում է ռուսական եռագույնը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները համապատասխան գնահատական կտան այս իրավիճակին։