չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
«Հայկական ժամանակ». «Աշոտ Հովսեփյանը սպիրտը մարզի մեկ այլ բնակչից է գնել, դրան խառնել է միայն ջուր եւ լիմոն». պաշտպան

«Հայկական ժամանակ». «Աշոտ Հովսեփյանը սպիրտը մարզի մեկ այլ բնակչից է գնել, դրան խառնել է միայն ջուր եւ լիմոն». պաշտպան

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալված Աշոտ Հովսեփյանն իրեն ներկայացված կասկածանքի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել՝ տալով մանրամասն ցուցմունք: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Գոռ Գեւորգյանը՝ պնդելով, որ Հովսեփյանը ցորենի գործարանային սպիրտը ձեռք է բերել մարզի մեկ այլ բնակչից, դրան խառնել է միայն ջուր, լիմոն, բայց ոչ մի քիմիական հավելում: Հիշեցնենք՝ 50-ամյա Հովսեփյանը ձերբակալվել է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով: Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ մեկ օրվա ընթացքում, Հանրապետությունում թունավորման դեպքեր գրանցվեցին: Վերջին տվյալներով՝ մարզի 20 դեպքերից 9-ը մահվան ելքով է, մնացած 11 քաղաքացիները բուժօգնություն են ստանում տարբեր բժշկական կենտրոններում: Քննչական կոմիտեն այսօր հայտնեց, որ քրեական գործով նույն կասկածանքով ձերբակալվել է եւս երկու անձ:

Աշոտ Հովսեփյանի պաշտպան Գոռ Գեւորգյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

– Պարոն Գեւորգյան, ի՞նչ դիրքորոշում ունի Ձեր պաշտպանյալը կասկածանքի վերաբերյալ, ցուցմունք տվե՞լ է:

– Դիրքորոշում հայտնել է, կասկածանքի շուրջ իր առնչության վերաբերյալ ասել է, որ իրականում զբաղվել է սպիրտից օղի պատրաստման գործընթացով, սակայն ցորենի գործարանային սպիրտը նա գնել է եւ ցուցմունքով նշել է, թե ումից, փորձել է դրանով աջակցել քննությանը, որ եթե տարածման ճանապարհը դա եղած լինի, ապա դեմն առնվի եւ տարածում չստանա: Աշոտ Հովսեփյանն ի սկզբանե անգամ անզգուշության շրջանակում չէր կարող ենթադրել, որ կարող է այդ հետեւանքը առաջացնել, նա ընդամենը մաքուր ջուր եւ բնական լիմոնի մզվածք է խառնել սպիրտին, այսինքն՝ իր ձեռքով է մզել ու խառնել, որեւէ այլ քիմիական հավելում չի ավելացրել, որից կկարողանար հետեւություն անել, որ ստեղծած խմիչքը կարող է լինել թունավոր:

– Սննդի անվտանգության տեսչական մարմնից երեկ մեզ տեղեկացրել են, որ ըստ նախնական վարկածի՝ օղու մեջ մեթիլ սպիրտ է հայտնաբերվել:

– Կարծում եմ, որ այդ կարգի մարմինը այդպիսի նախնական վարկածի շրջանակում իրավասություն չունի նման հայտարարություն անելու, որովհետեւ ՍԱՏՄ-ն այն կառույցն է, որը պիտի փաստերով առաջնորդվի: Որպեսզի իրենց ասածը լինի ճիշտ, պիտի ունենան եզրակացություն, չկա որեւէ եզրակացություն, որով կհաստատվեր սպիրտի միջից Ձեր նշած թունավոր նյութի առկայությունը, իսկ եթե չկա, որեւէ մեկը անգամ նախնական վարկածի շրջանակում չպիտի նման բան ասեր, որովհետեւ անձի անմեղության կանխավարկածն է խախտվում, եւ որովհետեւ արդեն իսկ ունենք մահացած բազմաթիվ անձինք, որոնց հարազատները կարող են գտնվել հուզական վիճակում, իսկ այդ ապատեղեկատվությունը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Եւ ես չեմ այն մարդը, ով պիտի հուշի այդ կարգի լուրջ կառույցներին, թե ինչ գործելաոճ պետք է դրսեւորեն, որպեսզի էլ ավելի չշիկացնեն արդեն իսկ շիկացված վիճակը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

  • Կիսվել: