չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Օտտավայում հուլիսի 21-ին տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Կանադայի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Կանադայի ԱԳ փոխնախարարի տեղակալ Ալեքսանդր Լևեքը:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև վերընթաց զարգացող երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, որին նոր լիցք է հաղորդել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցության նպատակով Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Կարևորվել է երկկողմ բարձրաստիճան շփումների շարունակականությունը:

Քննարկվել է Հայաստան-Կանադա երկկողմ օրակարգի առաջմղմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը։ Երկուստեք ընդգծվել է քաղաքական հարաբերությունները երկկողմ տնտեսական հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումների միջոցով առավել ամրապնդելու անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը կանադացի գործընկերոջն է ներկայացրել նաև տարածաշրջանային զարգացումները, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև միջազգային զարգացումների վերաբերյալ:

 

  • Կիսվել: