Հակոբ Արշակյանն ամփոփել է Իրկուտսկ կատարած այցը
Ցանկանում եմ ամփոփել Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում հուլիսի 21-ին տեղի ունեցած՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը և կից լուսանկարներ հրապարակել:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ավանդույթի համաձայն՝ նիստերն անց են կացվում մայրաքաղաքներից դուրս՝ խթանելով Հայաստանի մարզերի և Ռուսաստանի երկրամասերի միջև ապակենտրոն համագործակցությունը։
Նիստի օրակարգում էին Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտակրթական համագործակցությունը, ինչպես նաև միջտարածաշրջանային փոխգործակցությունը:
Ի թիվս օրակարգային հարցերի՝ նիստի ընթացքում բարձրաձայնեցի նաև Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը։ Գործընկերներին տեղեկացրի տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակի և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ վարվող ցեղասպանական քաղաքականության և Հայաստանի նկատմամբ վարվող զավթողական քաղաքականության վերաբերյալ։
ՌԴ ԴԺ նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն անդրադարձավ Հայաստանում «Գույք պարտքի դիմաց» 2002 թ․ Ռուսաստանին փոխանցված գործարանների և ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործման հարցին։
Արձանագրվեց, որ այդ ուղղությամբ ռուսական կողմը քայլեր կձեռնարկի։
Նիստերի ընթացքում տեղի են ունենում շահագրգիռ քննարկումներ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ։
Այցի ընթացքում ունեցանք հետևյալ հանդիպումները․
- Հանդիպեցինք Իրկուտսկի երկրամասի ղեկավար Իգոր Կոբզևի հետ, քննարկվեցին տնտեսական, կրթական, գիտական ուղղություններով համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Երկուստեք արձանագրեցինք, որ նշված ուղղություններով գոյություն ունի չօգտագործված ներուժ, որի իրացման ուղղությամբ անհրաժեշտ է աշխատանք տանել։
- Իրկուտսկի հայ համայնքի հետ քննարկեցինք համայնքի խնդիրներին և Հայաստանի հետ կապը պահելուն և զարգացնելուն վերաբերող հարցեր։ Ուրախ եմ արձանագրել, որ Իրկուտսկի քաղաքապետարանի որոշմամբ համայնքին է փոխանցվել հողատարածք՝ եկեղեցու և համայնքի համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ կառուցելու համար։
- Այցելեցինք Իրկուտսկի ռուսական ուղղափառ եկեղեցի, որտեղ տեղադրված է Հայկական խաչքար՝ նվիրված 1915 թ․ ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ եկեղեցում տեղադրված էր Սբ․ Գրիգոր Լուսավորչի սրբանկար։
- Այցելեցինք Բայկալի թանգարան, որտեղ ծանոթացանք Բայկալ լճի էկոհամակարգի պահպանման և զարգացման ծրագրերին, քննարկեցինք Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և զարգացման շուրջ երկկողմ համագործակցության հնարավորությունը։
Նիստի ավարտին Հայաստանի Կոտայքի մարզի և Ռուսաստանի Իրկուտսկի երկրամասի, Արմավիր և Իրկուտսկ քաղաքների միջև ստորագրվել են համագործակցության հուշագրեր:
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին․
1․ Վահե Ղալումյան - ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ.
2․ Վլադիմիր Վարդանյան - ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ.
3․ Բաբկեն Թունյան - ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ.
4․ Վաղարշակ Հակոբյան - ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ.
5․ Ալեքսեյ Սանդիկով - ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ.
6․ Միքայել Թումասյան - ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ.
7․ Շիրակ Թորոսյան - ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ.
8. Աշոտ Սաղյան - ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ.
9․ Արթուր Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (առցանց)
10. Ահարոն Սահակյան - ՀՀ Կոտայքի մարզպետ.
11. Դավիթ Խուդաթյան - ՀՀ ք․ Արմավիրի քաղաքապետ:
Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը կանցկացվի 2024 թվականին Հայաստանում՝ Դիլիջան քաղաքում»: