Սկսում ենք նախապատրաստվել 2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությանը. Արայիկ Հարությունյան
Հայաստանի Հանրապետությունն արդեն սկսել է նախապատրաստվել 2027 թվականին Երևանում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Առաջին դեպքն է, որ Օլիմպիական խաղերի մարզաձև համարվող սպորտաձևից մենք կհյուրընկալենք աշխարհի առաջնությունը: Այդ իրավունքը շնորհվել է Հայաստանի Հանրապետությանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ: Մենք պատմություն ունենք նմանատիպ մեծ իրադարձությունների անցկացման` բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, սամբոյի աշխարհի առաջնությունը: Օրեր առաջ Հայաստանում ավարտվեց ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլերը: Մենք ուզում ենք շարունակել այս ավանդույթը, որը լուրջ ազդեցություն ունի մեր մարզական ու տնտեսության ոլորտների զարգացման վրա»,-ասաց նա:
Հարությունյանը վերհիշեց 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց թիմի բոլոր քաշային կարգերում նվաճած 10 մեդալները՝ հույս հայտնելով, որ նմանատիպ երևույթները շարունակական կլինեն:
«Մենք հիմա արդեն սկսում ենք նախապատրաստվել 2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությանը: Մեր գործընկերներին առաջարկել ենք առնվազն 2023 թվականի Եվրոպայի երևանյան առաջնության կազմակերպում և ավելին: Միջազգային ֆեդերացիայի հետ համագործակցության լավ փորձ ունենք»,-ասաց Հարությունյանը: