TRIPP-ը Հայաստանի անկախությունից ի վեր ամենախոշոր հաղորդակցային նախագիծն է․ Վահան Կոստանյանը
Նոյեմբերի 20-ին Նեապոլում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Միջերկրածովյան երկխոսություններ» (MED) համաժողովի շրջանակներում մասնակցել է «Կովկասում բարգավաճման վերականգնումը» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում է ԱԳՄԱՆ-ը։
«ԱԳՄԱ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ ձևավորված նոր, աննախադեպ իրողությունները և արձանագրված դինամիկան, այդ թվում՝ երկրների ինքնիշխանության ամրապնդման տեսանկյունից : Վահան Կոստանյանն ընդգծել է, որ նոր հաղորդակցային և առևտրային կապերի ստեղծումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև շփումները նպաստում են խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը ։ Նշվել է, որ ստեղծվող փոխկապակցվածության հնարավորությունները փոխշահավետ են բոլորի համար՝ ոչ միայն տարածաշրջանի երկրների համար, այլև Եվրոպայի ու Ասիայի միջև կապի ապահովման տեսանկյունից
Վահան Կոստանյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման ընթացքը՝ ընդգծելով, որ ԹՐԻՓՓ-ը Հայաստանի անկախությունից ի վեր ամենախոշոր հաղորդակցային նախագիծն է և որպես Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության բաղկացուցիչ մաս՝ ներկայացվել է նախագծի բազմամոդալ բնույթը՝ երկաթուղի, ավտոճանապարհ, էլեկտրահաղորդման ցանցեր, խողովակաշարեր և թվային կապ, ինչպես նաև նախագծի կարևորությունը էներգետիկ դիմակայունության ամրապնդման տեսանկյունից։
Անդրադառնալով Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դերին՝ նախարարի տեղակալը կարևորել է եվրոպական, այդ թվում՝ իտալական փորձի ներգրավումը տարածաշրջանային կապակցվածության զարգացման նախագծերում։
Քննարկմանը մասնակցել է նաև Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլին»,-ասված է հաղորդագրության մեջ



