Հայաստանը և Իտալիան քննարկել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները
Նոյեմբերի 20-ին Նեապոլում անցկացվող «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՄԱՆ-ը։
«Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել Հայաստան-Իտալիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որի վկայությունն են ընթացիկ տարում կայացած հանդիպումները: Կարևորվել է երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա ամրապնդումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման հարցեր։ Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի նկատմամբ Իտալիայի հետաքրքրվածությունը, և դրական է գնահատվել իտալական շուկա հայկական ծագման ապրանքների արտահանման աճը։ Գոհունակությամբ կարևորվել է նաև ընթացիկ տարվա սեպտեմբերին Երևանում Իտալիայի զարգացման համագործակցության գործակալության (AICS) տարածաշրջանային գրասենյակի բացումը։
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը»,-ասված է հաղորդագրության մեջ։



