Ղազախստանում գտնվող հայերից ոչ մեկը չի տուժել․ Ղազախստանում ՀՀ դեսպանության դեսպանորդ
«Ղազախստանում գտնվող հայերից ոչ մեկը չի տուժել»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ղազախստանում ՀՀ դեսպանության դեսպանորդ Արթուր Մանասերյանը։ Նրա խոսքով, այսօր Ղազախստանում մոտ 10․000 հայ է ապրում։
Մանասերյանն ասաց, որ դեսպանությունը բնականոն աշխատում է, միջադեպեր չեն արձանագրվել․«Ոչ մեկը ոչ մի հարցով չի դիմել, բողոքներ չենք ստացել, ահազանգեր ևս չեն եղել, ամեն ինչ նորմալ է»։
Անդրադառնալով կոմունիկացիաների խափանմանը, սննդի հետ կապված խնդիրների մասին խոսակցություններին՝ դեսպանորդը նկատեց․ «Սննդի խնդիրն առկա է Ալմաթիում՝ հացի պրոբլեմ է, բայց վերականգնվում է։ Ինտերնետը ժամով է աշխատում, հեռուստաալիքները ևս ժամով են աշխատում»։
Մեր այն հարցին, թե ցույցերին հայեր մասնակցել են կամ ձերբակալվածների մեջ կան հայեր, Մանասերյանն ասաց․ «Ցույցերին հայ մասնակիցներ չեն եղել, միջադեպերը հայերին չեն վերաբերել, մենք միտեղեկություն կստանայինք, եթե լիներ։ Կես ժամ առաջ եմ խոսել Ալմաթիի հետ»։
Դեսպանորդը նշեց, որ իրավիճակը հանդարտվելու միտում ունի, իսկ տարհանման խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը․ «Տարհանման համար մեզ չեն դիմել։ Իրավիճակն էլ կարգավորվում է Ալմաթիում ու Նուր-Սուլթանում, ամեն ինչ իր հունով գնում է»։
Դեսպանորդն ամփոփեց, որ Ղազախստանում ՀՀ դեսպանությունն այս օրերին մշտական կապի մեջ է եղել Հայաստանի հետ,իսկ խնդիրները լուծվել են անմիջապես։