2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականով՝ Մարմարիկում 2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի։
«Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Մարմարիկում 2-ամյա Տիգրան Պետրոսյանի կորելու ցավալի դեպքին:
Նախարարը վստահեցրեց՝ երբ ստացել են ահազանգը, անմիջապես թե՛ փրկարարական, թե՛ ոստիկանական աշխատանքները սկսվել են:
«Մենք երկու ուղղությամբ ենք պատկերացրել աշխատանքը՝ հաշվի առնելով փոքրիկի տարիքը: Այս տրամաբանության մեջ կարող էին լինել մի շարք վարկածներ: Փրկարար ծառայությունը սկսել է որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը: Մինչ այս պահը աշխատանքներում ներգրավված է եղել շուրջ 1240 փրկարար և շարունակում է ներգրավված լինել»,-ասաց Սարգսյանը:
Ոստիկանական աշխատանքի տեսանկյունից հարցը դիտարկել է որպես առերևույթ հանցանքի մասին հաղորդում: Սարգսյանը վստահեցրեց՝ մանրամասն դիտարկել են բոլոր վարկածները՝ թե՛ փոքրիկի՝ գետն ընկնելու վարկածը, թե՛ նաև հնարավոր այլ վարկածներ հանցանքի տրամաբանության մեջ՝ առևանգում և այլն: Բոլոր վարկածները մանրակրկիտ ուսումնասիրության առարկա են դարձել:
«Այս պահի դրությամբ շարունակում է հիմնական համարվել գետն ընկնելու վարկածը: Բնականաբար, սա չի նշանակում այլ վարկածներով չզբաղվել: Անգամ ամենափոքր, աննշան տեղեկատվությունը, որը մեզ կարող է թույլ տալ մտածել, որ, միգուցե, այլ վարկած ևս կա, որը կենսական է, ուսումնասիրում ենք: Եվ, ըստ այդմ, բոլոր վարկածները պարբերաբար վերանայվում են և դառնում են նոր քննության առարկա»,-ասաց նախարարը:
Տարածքը նաև ուսումնասիրել են անօդաչու թռչող սարքերով: Այս պահի դրությամբ որևէ դրական ելք չկա: Սարգսյանը նշեց, որ ուսումնասիրել են և շարունակում են ուսումնասիրել արբանյակային հնարավոր լուսանկարները, ընդ որում՝ այնպիսի լուծաչափի, որը թույլ կտա որևէ շոշափելի տեղեկատվություն ունենալ: Այս առումով ևս դրական արդյունքներ դեռևս չկան: Աշխատանքները շարունակվում են:
«Որպես կանոն՝ որոնողափրկարարական աշխատանքները 10 օր են տևում, սակայն այս դեպքով իմ հանձնարարականով շարունակելու ենք որոնողափրկարարական աշխատանքներն իրականացնել այնքան, քանի դեռ որևէ նորություն չունենանք դեպքի առնչությամբ»,-հավաստիացրեց նախարարը:
Մայիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից կորած 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: