«Սթիրլինգ» հիմնադրամը հետաքրքրված է հատկապես կրթության բնագավառում համագործակցությամբ. Մայլս Հանսեն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է «Սթիրլինգ» հիմնադրամի նախագահ Մայլս Հանսենին: Հանդիպմանը մասնակցել է նաև հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Բրիթնի Սթիրլինգը:
Քննարկման առանցքում են եղել փոխհամագործակցության հնարավոր ուղղությունները և Հայաստանի զարգացման ծրագրերին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ ԿԳՄՍ նախարարությունը վերջին տարիներին իրականացնում է մի շարք ռազմավարական և օրենսդրական նախաձեռնություններ՝ ուղղված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների բարելավմանն ու վերափոխմանը: Անդրադառնալով կրթության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին՝ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ բարեփոխումները նպատակ ունեն բոլոր մակարդակներում ապահովել ավելի որակյալ և հասանելի կրթություն։ Նա ընդգծել է՝ կրթության ոլորտի զարգացման ուղղություններն արտացոլված են 2022 թվականին ընդունված ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրում։ Ըստ այդմ՝ կրթության բոլոր մակարդակներում բարեփոխման և կրթության որակի բարձրացման ծրագրերն իրականացվում են մի քանի ուղղություններով՝ կրթության բովանդակության բարելավում, ուսուցիչների մասնագիտական զարգացում, կրթության մատչելիության ապահովում, ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի բարելավում: Արթուր Մարտիրոսյանն արդյունավետ կրթական համակարգ ունենալու առումով կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը և նշել նաև փորձագիտական աջակցության անհրաժեշտությունը, որի շուրջ կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները:
Անդրադարձ է եղել նաև ուսուցիչների և սովորողների փոխանակման ծրագրերին, կրթահետազոտական ծրագրերի իրականացման հնարավորություններին: Ընդգծվել է նաև մասնագիտական ուսուցման ոլորտում փոխգործակցության հաստատումը: Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ կրթության միջազգայնացումն ու օտարերկրյա ուսանողների համար Հայաստանի բարձրագույն կրթության համակարգն առավել գրավիչ դարձնելը ՀՀ Կառավարության կարևոր առաջնահերթություններից է:
Անդրադառնալով մշակույթի ոլորտում իրականացվող ծրագրերին՝ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը, որով սահմանվում են ՀՀ Կառավարության առաջնահերթությունները և ոլորտի զարգացման գերակայությունները: Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ ԿԳՄՍ նախարարությունը վերջին տարիներին ակտիվորեն իրականացնում է թվայնացման նախաձեռնություններ՝ ուղղված կրթության և մշակույթի ոլորտներում ծառայությունների բարելավմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երիտասարդական քաղաքականության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Մասնավորապես՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ մինչև 2026 թվականը նախատեսվում է հիմնել 25 երիտասարդական կենտրոններ։ Նա նշել է՝ այս կենտրոնները ծառայում են որպես հարթակներ՝ երիտասարդների կարողությունների բացահայտման, ակտիվ քաղաքացիության խթանման և ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման համար։
«Սթիրլինգ» հիմնադրամի նախագահ Մայլս Հանսենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ հետաքրքրված են հատկապես կրթության բնագավառում համագործակցությամբ: Նրա խոսքով՝ Հայաստանում հնարավոր համագործակցության ուղղությունները կարող են ներառել ուսուցիչների վերապատրաստումները, կարողությունների զարգացումը, թվային կրթական ռեսուրսների ստեղծումը և տարածումը, մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրերի զարգացումը, ինչպես նաև երիտասարդական կենտրոնների ստեղծման ուղղությամբ աշխատանքների ներգրավվածությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: