Կարծում եք՝ Քոչարյանը կարող է ավելի վատ կառավարիչ լինել, քան այսօրվա կառավարի՞չը. Ես այդպիսի կարծիք չունեմ. Սարգսյան
Ես խնդրում եմ՝ մեր, այսպես ասեմ, տարակարծությունները չսրել, մարդիկ ասել են՝ գնացեք ութ ստորագրություն բերեք, մենք մեր 28-ը տալու ենք, ես չեմ կարծում, որ իրենք իրենց խոսքից հրաժարվելու են։ Այս մասին այսօր՝ մայիսի 21–ին, դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության դիրքորոշմանը։
«Ընթացքին ուշադիր հետևեք ու հետո կտեսնեք դեպքերի ընթացքը»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ արդեն կա վարչապետի թեկնածու՝ Էդմոն Մարուքյանը, Սերժ Սարգսյանն ասաց. «Ես ասեցի, որ մեր խմբակցությունը հայտարարություն է արել, նայեք, տեսեք, արդյո՞ք այդ հայտարարությունը խոստանում էր կամ կանխատեսում էր, կամ ինչ-որ մեկին հնարավորություն էր տալիս մտածելու, որ եթե ինչ-որ մեկին առաջադրեն, խմբակցությունը սատարելու է։ Աայդպիսի բան չի եղել, չէ՞։ Խմբակցությունը ասել է՝ քննարկելու են, քննարկել է և իր կարծիքը թեկնածուի մասին հայտնել է։ Ախր շատ պարզ պրոցես է»։
Հարցին՝ ի՞նչ չափանիշների պետք է բավարարի վարչապետի թեկնածուն, երրորդ նախագահը պատասխանեց. «Չափանիշը պիտի լինի նվազագույն բաները, ես չեմ ասում, հիմա իմ մոտ գրած է, թե ինչ չափանիշներ պետք է լինեն։ Բայց մենք չենք կարող քվեարկել մի մարդու օգտին կամ սատարել նույնիսկ փողոցով, ով այսօրվա Հայաստանի կառավարիչներից մեկն է եղել, նրանց հետ է աշխատել, այս ամբողջ ողբերգությունների մասնակից է եղել։ Թող հանգիստ նստի էլի, մենք իրան չենք տանում դատում, մենք ասում ենք՝ դու չես կարա, որովհետև մենք տեսել ենք քո գործելաոճը, ուրիշ ի՞նչ են ասել էս մարդիկ»։
Հարցին՝ իսկ եթե այդ թեկնածուն Ռոբերտ Քոչարյանի թիմից լինի՞, կամ հենց ռոբերտ Քոչարյանը գա, նա արձագանքեց. «Այո, ով ուզում է գա, դուք կասկածում եք, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է ավելի վատը լինել, որպես կառավարիչ, քան այսօրվա կառավարի՞չը։ Ես այդպիսի կարծիք չունեմ»,– հայտարարեց երրորդ նախագահը։