Վրաստանը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար արգելել է մեքենաների վերաարտահանումը
Մայիսի 15-ից Վրաստանը վերջնականապես արգելել է տրանսպորտային միջոցների վերաարտահանում իրականացնել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին: Այս մասին տեղեկացնում է bm.ge-ն՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ սպասարկման գործակալությանը։
Գերատեսչության թեժ գծից պարզաբանել են, որ փոփոխությունները վերաբերում են ինչպես մարդատար ավտոմեքենաներին, այնպես էլ հատուկ տեխնիկային՝ բուլդոզերներին, էքսկավատորներին, գրեյդերներին, տրակտորներին: Մինչ այժմ արգելվել է վերաարտահանումը Ռուսաստան և Բելառուս, սակայն այդ երկրների քաղաքացիները կարող էին ձևակերպել ավտոմեքենաների արտահանումը Վրաստանից երրորդ երկրներ։ Այժմ այդ հնարավորությունը բացառվում է։
ՌԴ-ում նոր սահմանափակումները կապում են լրագրողական հետաքննությունների հետ, որոնցում հաղորդվում է, որ Վրաստանն օգտագործվում է որպես տարանցիկ ուղի՝ պատժամիջոցները շրջանցելու համար: Վրաստանի կառավարությունից բազմիցս հերքել են այդ հրապարակումները՝ հայտարարելով, որ երկիրը պահպանում է բոլոր սահմանափակումները։