շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Գավառի համայնքապետարանի ենթակայությամբ գործող կրթական եւ մշակութային կառույցներն ամփոփել են տարին

Գավառի համայնքապետարանի ենթակայությամբ գործող կրթական եւ մշակութային կառույցներն ամփոփել են տարին

Գավառի համայնքապետարանի ենթակայությամբ գործող կրթական եւ մշակութային, նախադպրոցական զարգացման կառույցները տարին ամփոփում են հաշվետու միջոցառումներով:

Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, հաշվետու ցուցահանդեսով է ներկայացել Գավառի ուսուցողական կենտրոնը: Բացման խոսքով հանդես գալով՝ կենտրոնի տնօրեն, Արցախյան վերջին պատերազմի հերոս Յուրա Զախարյանի մայր Մարիա Ղազաբօղլյանը նշել է, որ վերջին 2 տարում կենտրոնը իր գործունեությունը չի դադարեցրել, համավարակի եւ պատերազմի դժվարին օրերին դասերը եղել են հեռավար, երբեք պարապուրդի չեն մատնվել ո՛չ աշխատակիցները, ո՛չ կենտրոնի սաները:

Կենտրոնը ներկայացրել է իր սաների ձեռագործ արվեստի ցուցանմուշները: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները հելյունագործ սփռոցներ էին, տիկնիկներ, պայուսակներ, ամանորյա աքսեսուարներ, կանացի զարդեր և տարբեր իրերից ու թելերից արվեստի շնչով կյանք ու տեսք առած նմուշներ:

Գավառի ուսուցողական կենտրոնի կրտսեր խմբերն ամանորյա հանդեսով են ներկայացել հանդիսատեսին:

Գավառի թիվ 3 մանկապարտեզը հանդես է եկել նորամուծությամբ: Մանկապարտեզի աշխատակիցները ներգրավված էին ամանորյա հանդեսին՝ իրենք էլ դառնալով հեքիաթի հերոսներ:

Գավառի թիվ 4 մանկապարտեզի 4 խմբի սաները ներկայացել են իրենց ամանորյա հեքիաթներով, բոլոր տարիքային խմբերին բնորոշ երգուպարով, ասմունքով:

Գավառի թիվ 5 մանկապարտեզը, որտեղ կա ներառական կրթություն, անմասն չի մնացել երեխաների ամանորյա հեքիաթի բեմականացումից: Հանդեսին այստեղ մասնակցել են մանկապարտեզի երեք տարիքային խմբերը:

Միջոցառումների ավարտին Ձմեռ Պապն այցելել է բոլոր մանկապարտեզներ եւ մանուկներին փոխանցել նվերներ, որոնք հատկացվել էր Գավառի համայնքապետարանի բյուջեից:

Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել Աննա Գզրարյանի տարեվերջյան դասարանական համերգը, ինչպես նաեւ Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի պարուսույց Հովհաննես Հասասյանի դասարանական հաշվետու համերգը:

Տոնական տրամադրությունն այսօր ավելի կնշանավորվի Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում հրավիրված տոնակատարությամբ: Կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը եւ կազմակերպվի ամանորյա տոնակատարություն:

  • Կիսվել: