Եզրափակվեց Մոսկվայի տոնին նվիրված շաշկու առաջնությունը. հայտնի են հաղթողները
Մոսկվայի 875-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 10-ին Երևանի «Դոմ Մոսկվի» կենտրոնում տեղի ունեցավ ռուսական շաշկու առաջնության եզրափակիչ փուլը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Դոմ Մոսկվի» կենտրոնի և Հայաստանի շաշկու ֆեդերացիայի նախաձեռնած առաջնությանը հաղթեցին Վազդեն Համբարձումովը, Գևորգ Գրիգորյանը և Նշան Ալավերդյանը:
Ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանն ասաց, որ առաջին փուլին մասնակցել են ինչպես պրոֆեսիոնալներ, այնպես էլ շաշկու սիրահարներ: Եղել են հարյուրից ավելի մասնակիցներ, սակայն եզրափակիչ փուլ են հասել ուժեղագույնները:
«Մրցաշարն անցկացվել է տարբեր ժամանակակարգերով: Սա ամենակարճ ժամանակակարգն է՝ 3 րոպե և երկու վայկյան ավելացում: Եղել են ուժեղ վարպետներ, որոնք չեն սիրում խաղալ կարճ ժամանակակարգով: Նրանք դուրս մնացին խաղից»,-ասաց Պողոսյանն ու հավելեց, որ շաշկու հանդեպ հետաքրքրությունն ամբողջ աշխարհում շատ մեծ է: Նա շեշտեց՝ շաշկու մի քանի տարատեսակ կա, սակայն Հայաստանում լայն տարածում ունի հենց ռուսական շաշկին:
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանն էլ հիշեցրեց, որ առաջնությունը երրորդ անգամ է անցկացվում և ոչ մի տարի մասնակիցների պակաս չի եղել:
Անդրադառնալով Մոսկվայի օրերի շրջանակում իրականացվող այլ նախաձեռնություններին՝ Կարապետյանն ասաց, որ միջոցառումները մեկնարկել են՝ Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցում Մոսկվայի անկյուն բացելով: Տոնի ընթացքում անցկացվելու է նաև շախմատի առաջնություն, որին մասնակցելու են միջազգային գրոսմայստերներ, նախատեսում են նաև սուսերամարտի առաջնություն անցկացնել, ինչի շնորհիվ Հայաստան է այցելելու սուսերամարտիկ, օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը:
Վահրամ Կարապետյանը շեշտեց, որ 2022-ին տոնում են նաև «Դոմ Մոսկվի» կենտրոնի հիմնադրման 15-ամյակը և շուտով ռուսական կենտրոն են բացելու Հրազդանում:
Կարապետյանի խոսքով՝ վերջին տարիներին ակտիվ աշխատում են մշակութակրթական ուղղությամբ, հատկապես առանձնացնում են կրթական գործոնը, քանի որ կրթված հասարակությունն ապահովում է երկրի անվտանգությունը:
«ՀՀ ԿԳՄՍ նախարարության, քաղաքապետարանների և մարզպետարանների աջակցությամբ մենք Հայաստանի տարբեր շրջաններում ռուսաց լեզվի անվճար կուրսեր ենք անցկացնում: 35 քաղաքում 7-14 տարեկան երեխաներին ռուսերեն ենք սովորեցում: Ութ ռուսական կենտրոն ենք բացել Հայաստանի տարբեր քաղաքերում, որոնք հագեցած են համակարգիչներով»,-տեղեկացրեց Կարապետյանն ու հավելեց՝ «Դոմ Մոսկվի» կենտրոնի մասին շատերը գիտեն, և իրենք միայն դրականն են տալիս Հայաստանին: