չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին, կիսում եմ նրա ցավը․ ֆրանսիացի երգիչ

Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին, կիսում եմ նրա ցավը․ ֆրանսիացի երգիչ

Ֆրանսիացի ճանաչված երգիչ, դերասան եւ պրոդյուսեր Դեւիդ Սերերոն ելույթ կունենա Երեւանում: 

Նա առաջին անգամ է Հայաստանում, բայց ինչպես ինքն է նշում՝ այս այցը հաստատ վերջինը չի լինի. «Ես արդեն վայելում եմ Երեւանը, այստեղ մնալու եմ 6 օր, բայց մի բանում վստահ եմ՝ մի օր էլի եմ գալու Հայաստան»,-ասում է երգիչը, որը հայ հանդիսատեսին կներկայացնի հայտնի օպերաներից ու մյուզիքլներից հատվածներ, ֆրանսիական շանսոն եւ, իհարկե, կկատարի Շառլ Ազնավուրի ստեղծագործություններից։

«Ես Փարիզում մեծացել եմ հայերի շրջապատում: Առաջին մարդիկ, որոնք ինձ հնարավորություն են տվել՝ որպես երգիչ ելույթ ունենալու, հայ են եղել, եւ իմ համերգի հանդիատեսի մեջ էլ միշտ գերակշռել են հայերը: Ես շատ շնորհակալ եմ ձեր ազգին՝ այդ մեծ աջակցության համար: Հայերը շատ բարեխիղճ ազգ են՝ միշտ հյուրընկալ եւ ընկերասեր: Ես շատ հայ ընկերներ ունեմ, բայց կցանկանայի ունենալ ավելին»,-ասում  է նա։

 Երգիչն անհամբերությամբ է սպասում հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը: «Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին, կիսում եմ նրանց ցավը եւ ցանկանում եմ անել ավելին նրանց համար: Իմ սիրտը միշտ բաց է հայերի համար»:

Դեւիդ Սերերոն հայտնի է իր օպերային, հեռուստատեսային ու բեմական գործունեությամբ: Երգիչն աշխարհում ունեցել է ավելի քան 1600 համերգ, գլխավոր դերերով հանդես է եկել այնպիսի անվանի աշխատանքներում, ինչպիսիք են՝ «Սիրանո դը Բերժերակ», «Օթելլո», «Նաբուկկո», «Մարդը Լամանչիից», «Ռիչարդ III», «Կարմեն» եւ այլն: Երգիչն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Air France-ի՝ «Արվեստի եւ մշակույթի ոլորտում լավագույն ֆրանսիացի ձեռնարկատերը՝ դրսում», The Dale Wasserman հիմնադրամի կողմից՝ «Դոն Կիխոտի լավագույն երգիչ-դերակատար», ճանաչվել է «Բրաշով քաղաքի արտիստ-դեսպանը»:

  • Կիսվել: