երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Երևանում բախվել են Ford Mustang-ն ու թիվ 72 երթուղին սպասարկող ГАЗель-ը. վերջինս կողաշրջվել է. Ford-ի անվահեծանը կոտրվել է, կա վիրավոր

Երևանում բախվել են Ford Mustang-ն ու թիվ 72 երթուղին սպասարկող ГАЗель-ը. վերջինս կողաշրջվել է. Ford-ի անվահեծանը կոտրվել է, կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 6-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցից դեպի Մուշավան (ժողովրդին հայտնի Շորբուլախ) տանող ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Արմեն Համբարձումյանի վարած Ford Mustang և 66-ամյա Գուրգեն Գրիգորյանի վարած թիվ 72 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ГАЗель-ը կողաշրջվել է: Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանին, իսկ նույն կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակ, որտեղից ժամանել են դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանը, ավագ տեսուչ Շահեն Միսկարյանն ու տեսուչ Արմեն Մովսիսյանը:

Փաստի առթիվ Ա. Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ: Այս պահին ГАЗель-ի վարորդի համար շտապօգնություն են կանչում դեպքի վայր, քանի որ նրա ինքնազգացողությունը կարծես թե վատացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ford Mustang-ը հայտնաբերվել է բախման վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա՝ վարորդի կողմից առջևի անվահեծանը կոտրված վիճակում: ГАЗель-ում էլ ուղևոր է եղել, ով, բարեբախտաբար, չի տուժել: 

  • Կիսվել: