Քննարկվել է Հայաստանի և այլ հարևանների հետ Իրանի տնտեսական հարաբերությունների ներկայիս վիճակը
ԻԻՀ ԱԳՆ-ում կայացել է արտաքին տնտեսական հարաբերությունների համակարգման շտաբի այս տարվա երրորդ նիստը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի հետ տնտեսական նախագծերի վերջին կարգավիճակի վերանայման օրակարգով, գրում է parstoday.ir-ը:
Հանդիպումը նախագահող՝ տնտեսական դիվանագիտության հարցերով Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին կարևորել է վերոնշյալ երկրների հետ հարաբերությունների զարգացումը։
Նա ընդգծել է բոլոր համապատասխան կառույցների և մասնավոր հատվածի համագործակցության անհրաժեշտությունն այս երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններից առավելագույնս օգտվելու համար, հատկապես տեխնիկական և ինժեներական ծառայությունների, տարանցման, գիտահեն արտադրանքի արտահանման, էներգետիկայի, արդյունաբերության, հանքարդյունաբերության, ինչպես նաև պրոֆեսորների և ուսանողների փոխանակման ոլորտներում։
Հանդիպմանը քննարկվել է այս երկրների հետ Իրանի տնտեսական համագործակցության, ծրագրերի և նախագծերի վերջին վիճակը, դրանց գործադրման ճանապարհին առկա խոչընդոտները վերացնելու ուղիները, ինչպես նաև նախագծերը վերջնական տեսքի բերելու և իրագործելու գործընթացը:
Հանդիպմանը մասնակցել են Իրանի արտաքին տնտեսական կապերի համակարգման շտաբի գործադիր մարմինների տեղակալներն ու ղեկավարները, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։