Firebird AI-ի գործունեության վերաբերյալ տարածվող պնդումները չեն համապատասխանում իրականությանը. ընկերությունը հերքում է ՌԴ պաշտոնյայի պնդումները
Firebird AI-ի գործունեության վերաբերյալ տարածվող պնդումները չեն համապատասխանում իրականությանը և չունեն որևէ փաստական հիմնավորում: Այս մասին ասված է Firebird AI-ի հաղորդակցության թիմի տարածած հաղորդագրության մեջ։
«Firebird AI-ը տեխնոլոգիական ընկերություն է, որը կառուցում և շահագործում է արհեստական բանականության համար նախատեսված բարձր արտադրողականությամբ հաշվարկային ենթակառուցվածքներ։ Ընկերությանը տրամադրված ԱՄՆ արտահանման լիցենզիան սահմանափակում է այդ հաշվարկային հզորությունների օգտագործումը բացառապես քաղաքացիական նպատակներով։
Նման պնդումները վկայում են արհեստական բանականության հաշվարկային ենթակառուցվածքների աշխատանքի սկզբունքների սխալ ընկալման մասին։ Այս ծառայությունների աշխարհագրական տեղակայությունն ինքնին չի որոշում դրանց օգտագործման բնույթը կամ նպատակը»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը հայտարարել էր, թե Հայաստանի Հրազդան քաղաքում գտնվող Firebird AI ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից բխող վերլուծական և հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաև Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ։



