Էր Ռիադի միջազգային օդանավակայանի մոտակայքում պայթյուն է որոտացել
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի միջազգային օդանավակայանի մոտակայքում պայթյուն է որոտացել, տեղեկացնում է Reuters-ը։
Ըստ ականատեսների՝ պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել շտապօգնության ավելի քան 10 մեքենաներ: Մի շարք չվերթեր չեղարկվել են։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 8-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանն արդեն ենթարկվել էր հրթիռային հարվածների, որոնց պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի հութիները:
Եմենի հյուսիսում իշխող շիական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հոկտեմբերի 8-ին երկու անգամ հայտարարեց, որ Եմենին ուղղված հարվածներին ի պատասխան հարձակումներ է իրականացրել Էր Ռիադի օդանավակայանի վրա։
Հիշեցնենք` Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) և Սաուդյան Արաբիայի կողմից աջակցություն ստացող կառավարամետ բանակի միջև ռազմական դիմակայությունը չորս տարվա դադարից հետո վերսկսվեց հուլիսի կեսերին։ Այս ընթացքում հութիներին հաջողվել է զբաղեցնել Կարմիր ծովի ամբողջ արևմտյան ափը և Բաբ–էլ-Մանդեբ նեղուցի մոտ գտնվող քաղաքները։



