կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Քուվեյթի էմիրն առաջին պաշտոնական այցը կկատարի Թուրքիա

Քուվեյթի էմիրն առաջին պաշտոնական այցը կկատարի Թուրքիա

Քուվեյթի 83-ամյա էմիր Միշաալ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահն առաջին պաշտոնական այցը կկատարի Թուրքիա։ Նշվում է, վերոնշյալ այցը 7 տարի անց Քուվեյթից Թուրքիա էմիրի մակարդակով առաջին պաշտոնական այցն է։ Նշվում է, որ երկու երկրների միջև մարդկային շփումները, որոնք հատկապես ակտիվացել են վերջին տարիներին, վերածվել են հարաբերությունների կարևոր հարթության, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիան դարձել է Քուվեյթի քաղաքացիների համար զբոսաշրջության, բժշկության և անշարջ գույքի ներդրումների ոլորտում ամենանախընտրելի երկրներից մեկը։ Քուվեյթը բնակչության թվաքանակով Թուրքիա ամենաշատ զբոսաշրջիկ ուղարկող երկրներից է, իսկ Քուվեյթի քաղաքացիներն առաջին տեղն են զբաղեցնում Թուրքիայում ամենաշատ անշարժ գույք գնող օտարերկրացիների շարքում։

Նշվում է, որ Թուրքիան նպատակադրված է Քուվեյթի հետ ավելի ամրապնդել տնտեսական, առևտրային, բժշկության, զբոսաշրջության,կապալառության, էներգետիկ և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում առկա համագործակցությունը։ Այցի շրջանակներում երկու երկրների միջև կստորագրվեն համաձայնագրեր, որոնք զգալի ներդրումներ կունենան վերոնշյալ ոլորտներում։

Այցի շրջանակներում բացի երկկողմ հարաբերություններից խորհրդակցություններ կանցկացվեն նաև Գազայում տիրող իրավիճակի և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։

Միևնույն ժամանակ նշվում է, որ երկու երկրների միջև առկա են բարեկամական և եղբայրական հարաբերություններ՝ հիմնված պատմական խորը արմատացած կապերի վրա և 2024-ին լրանում է Թուրքիայի և Քուվեյթի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 60-ամյակը։

  • Կիսվել: