երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Երևանում քննարկվել են Հայաստան–Թուրքիա փորձնական տրանսպորտային երթուղիների գործարկման հնարավորությունները

Երևանում քննարկվել են Հայաստան–Թուրքիա փորձնական տրանսպորտային երթուղիների գործարկման հնարավորությունները

Հայաստանի և Թուրքիայի միջև տրանսպորտային կապերի զարգացման, փորձնական երթուղիների գործարկման հնարավորություններն ու առկա խոչընդոտները քննարկվել են նոյեմբերի 21-ին Երևանում կայացած կլոր սեղանի ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառումը նախաձեռնել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։

Ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին և փորձագետներին համապատասխան ուսումնասիրության արդյունքները ներկայացրել է Հայաստանի տրանսպորտի ոլորտի գործատուների ճյուղային միության նախագահ Իրինա Բելուբեկյանը։ Նա անդրադարձել է երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին։

«Քննարկման առանցքում են եղել տրանսպորտային երթուղիների մոդելավորումը, պիլոտային երթուղիների գործարկման, գործընկերային համագործակցության հնարավորությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մասնակիցները քննարկել են նաև ոլորտի առաջնահերթությունները, առկա խոչընդոտներն ու հետազոտության արդյունքները գործնական քայլերի վերածելու ուղիները։

Կազմակերպիչների գնահատմամբ՝ նման քննարկումները կարևոր են մասնագիտական երկխոսության և գործնական արդյունքների հասնելու համար։

«Դրանք կարող են նպաստել Հայաստան–Թուրքիա տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը, միջսահմանային կապերի ամրապնդմանն ու գործարար համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: