Երևանի նոր գլխավոր հատակագիծը դուրս է բերելու քաղաքը պարալիզացված վիճակից. «Երևան նախագիծ» ընկերության տնօրեն
«Երևանը 2020 թվականից ի վեր չուներ գլխավոր հատակագիծ: Ավագանու որոշմամբ երկարաձգվել էր նախորդի ժամկետը, բայց այնուամենայնիվ, Երևան քաղաքը վաղուց ուներ գլխավոր հատակագծի կարիք»: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Երևան նախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Անդրանիկ Սեդոյանը:
«Տարիներ շարունակ միշտ խոսվում էր Երևանի գլխավոր հատակագծի մասին, բայց միշտ բարձրաձայնվում էր մի գաղափար, որ ժամանակը բավարար չէ նոր գլխավոր հատակագիծ ունենալու համար, թեպետ չկար վերլուծություն, թե ինչ ժամանակ է պահանջվում նորի համար: Այս սկզբունքը ընդունվեց՝ հիմք ընդունելով քաղաքաշինության մասին կետը, որ Երևանը պետք է դուրս գա սահմանափակումից, որպեսզի կարողանանք քաղաքաշինական գործունեություն իրականացնել: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս փաստաթուղթը բոլոր հարցերի պատասխանները չի տալու, բայց միանգամայն դուրս է բերելու քաղաքը պարալիզացված վիճակից, և կարգավորելու է համայնքի բնակիչների շահերին առնչվող մի շարք հարցեր»,-ասաց նա:
Անդրանիկ Սեդոյանը չբացառեց, որ Երևանի նոր գլխավոր հատակագիծը կարող է ունենալ խնդրահարույց կետեր:
«Միշտ գիտակցել եմ, որ այս փուլում, այս ելակետային տվյալների առկայության պարագայում, որքան էլ միջազգային բարձրակարգ մասնագետներ աշխատեն գլխավոր հատակագծի վրա, միևնույն է քննադատություններ և խնդրահարույց կետեր լինելու են: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս փաստաթղթով տրվել են շատ հարցերի պատասխաններ, շատ խնդիրներ մեղմվել են: Բուն նախագծման աշխատանքներն իրականացվել են 2023 թվականից սկսած, և դրանց իրականացման շրջանակներում ներգրավված են եղել անվանի մասնագետներ, ովքեր նախկին գլխավոր հատակագծի նախագծման գործում մեծ վաստակ ու փորձ են ունեցել: Նախագծի հաստատումից անմիջապես հետո ձեռնամուխ ենք լինելու դրա թվայնեցմանը»,-նշեց Անդրանիկ Սեդոյանը: