շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Էջմիածնում հարգանքի տուրք են մատուցել Օշականի ճակատամարտի հերոսների հիշատակին

Էջմիածնում հարգանքի տուրք են մատուցել Օշականի ճակատամարտի հերոսների հիշատակին

Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել ռուս զինվորների և հայ կամավորների հիշատակին, որոնք զոհվել են Օշականի ճակատամարտում՝ ռուս-պարսկական պատերազմի ժամանակ: Միջոցառմանը, որին ներկա էին բարձրաստիճան անձինք, քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ, ուղղափառ և առաքելական եկեղեցիների հոգևորականներ, կազմակերպել էր Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը:

Ճակատամարտի 195-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել Էջմիածնի մոտակայքում գտնվող «Օշականի հերոսներին» հուշարձանի մոտ: ՌԴ դեսպանատան, ՀՀ պաշտպանության նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել հուշարձանին:

Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մաքսիմ Սելեզնյովը իր խոսքը սկսել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում զոհվածների ընտանիքներին ուղղված ցավակցական խոսքերով, ինչպես նաև հույս է հայտնել, որ տուժածները հնարավորինս շուտ կկազդուրվեն: Սելեզնյովը նաև շնորհակալություն է հայտնել փրկարարներին և կամավորներին, որոնք մի քանի օր է՝ անձնվիրաբար աշխատում են ողբերգության վայրում:

Ինչ վերաբերում է 195 տարվա վաղեմության դեպքերին, Սելեզնյովը նշել է, որ Օշականի ճակատամարտի հերոսներին հարգանքի տուրք մատուցելով՝ առաջին հերթին հիշում է ռուս գեներալ Աֆանասի Կրասովսկուն:

«Հիշում ենք ռուս սպաների, զինվորների, հայ կամավորների քաջությունը, ովքեր իրենց կյանքը տվեցին հայկական սրբավայրը փրկելու համար։ Այս ճակատամարտը 1827-28թթ. ռուս-պարսկական պատերազմի ընթացքում կարևորագույններից մեկն էր և վկայությունն այն բանի, թե ինչպես երկու եղբայրական ժողովուրդ կարող են պաշտպանել միասնական արժեքները»,-ասել է Սելեզնյովը։

Նրա խոսքով՝ սա այն գլխավոր դասն է, որը մենք պետք է քաղենք այդ դեպքերից։ Նա նշել է, որ արդեն 195 տարի է, ինչ ռուսներն ու հայերը կողք կողքի են հայկական հողում և մինչ օրս միասին են։

«Մենք որևէ մեկին թույլ չենք տա բաժանել մեզ, գործընկերության և դաշնակցային մեր դարավոր ամուր կապերը»,-եզրափակել է նա:

Իր հերթին դեսպանությանը կից ռազմական և ռազմաօդային կցորդ Վյաչեսլավ Կոսովը նույնպես նշեց, որ Կրասովսկու առաջնորդությամբ ջոկատի սխրանքը սկիզբ է դրել հայ-ռուսական դարավոր միության պատմությանը:

«Այն այսօր իրավամբ կոչվում է ռազմավարական միություն, և մենք կպահպանենք մեր փոխհարաբերությունների պատմությունը՝ բարձր պահելով մեր դրոշը»,-ասել է Կոսովը:

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր հերթին կարծում է, որ միջոցառումը երկու խորհրդանիշ է կրում։

«Մի կողմից հարգանքի տուրք ենք մատուցում զոհվածների հիշատակին, մյուս կողմից ընդգծում ենք հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ու մտերմությունը։ Այս ճակատամարտը փայլուն օրինակ է, թե ինչպես կարելի է հավաքական կամքի ուժով, ընդհանուր արժեքների միավորմամբ հաղթել»,-ասել է Գասպարյանը։

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը տարբեր առիթներով ցույց է տվել իր նվիրվածությունը ռուս ժողովրդին, Ռուսաստանին։ Նա հույս է հայտնել, որ երկու երկրներն էլ ամեն ինչ կանեն վստահության և բարեկամության խորացման համար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը հիշեցրեց, որ Օշականի ճակատամարտը ռուս-պարսկական պատերազմի ամենաարյունալի դրվագն է:

«Այս հուշարձանը խորհրդանշում է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը, որը շարունակվում է մինչ օրս»,-ասել է Քոչարյանը։

1827 թվականի օգոստոսի 17-ին Օշական գյուղի մերձակայքում տեղի է ունեցել ճակատամարտ պարսից գահաժառանգ Աբաս Միրզայի բանակի և ռուսական զորքերի միջև՝ Աֆանաս Կրասովսկու հրամանատարությամբ։ Ռուսական զորքերն օգնության էին շտապել պարսիկներով պաշարված Մայր աթոռ սուրբ Էջմիածնին։ Այդ ճակատամարտում պարսիկների կորուստները կազմել են 3000 սպանված և վիրավոր, ռուսական զորքերի կորուստները՝ 1150։

1834 թվականին Էջմիածնից ոչ հեռու տեղադրվել է Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձանը։ Եփրեմ Ձորագեղցու և արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ, ինժեներ Կոպանևսկու նախագծով կառուցված հուշարձանը պատրաստված է հայկական տուֆից։

 
 
 

  • Կիսվել: