երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
«Գարաժ Մաստերս Մոլը» պարզաբանում է տարածել տղամարդու կողմից 5-7 տարեկան երեխայի ծեծի ենթարկելու առնչությամբ

«Գարաժ Մաստերս Մոլը» պարզաբանում է տարածել տղամարդու կողմից 5-7 տարեկան երեխայի ծեծի ենթարկելու առնչությամբ

Սույն թվականի հունիս 1-ին մի քանի լրատվականներում տեղեկություն տարածվեց` իբրև թե «Գարաժ Մաստերս Մոլի» տարածքում 35-40 տարեկան մի տղամարդ ծեծել է 5-7 տարեկան երեխայի: Այս մասին պարզաբանում է տարածել «Գարաժ Մաստերս Մոլը»: 

«Հարկ ենք համարում նշել, որ նկարագրվածը, հավանաբար, այդ պահին «Գարաժ Մաստերս Մոլում» գտնվողներից մեկի վառ երևակայության արդյունք է, որով փորձել է կիսվել լրատվամիջոցների հետ:

Մենք դիտել ենք տեսախցիկների արձանագրածը և պարզել, որ հայրը մի թեթև հարվածել է այդ պահին իրեն չենթարկվող երեխային, որպեսզի կարգի հրավիրի նրան կամ զսպի երեխայի չարաճճիությունները: Այսինքն` ինչ-որ տղամարդու կողմից անչափահասի նկատմամբ ծեծ, որպես այդպիսին, «Գարաժ Մաստերս Մոլում» տեղի չի ունեցել:

Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց կամ առնվազն գլխագրերից չհեռացնել այն, որ կատարվածը հոր և զավակի միջև տեղի ունեցած փոքրիկ միջադեպ է, որը որևէ լուրջ հետևանք չի առաջացրել:

Հարգանքով` «Գարաժ Մաստերս Մոլի» ադմինիստրացիա»,-ասված է պարզաբանման մեջ:

Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ «Գարաժ մոլում» 35-40 տարեկան մի տղամարդ ծեծել է 5-7 տարեկան մի երեխայի:

  • Կիսվել: