Բաքվի բանտերում հայ հանցագործ չկա. Մինսկի խմբից հրաժարվելով մենք հանցագործ ենք դարձնում բոլորիս. Դիլբարյան
Մենք այստեղ ենք եկել ՀՀ վարչապետի պաշտոնը գրաված Նիկոլ Փաշինյանին հանձնելու մեր պահանջագիրը, որովհետև միջազգային կազմակերպությունները պետք է գործեն, բայց ամենից առաջ պայքարը պետք է կազմակերպվի, ուղղորդվի և առաջնորդվի ՀՀ կառավարությունից։ Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Միասին» շարժման անդամ Նարինե Դիլբարյանը:
«Մեր պահանջը հստակ է, մենք չորս պահանջ ենք ներկայացրել, որոնցից առաջինը հետևյալն է՝ անհապաղ դիմել ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, հատկապես Մինսկի խմբին և բոլոր իրավապաշտպան կառույցներին, ինչպես նաև պետությունների ղեկավարներին ապահովելու մեր գերիների, ապօրինի գերեվարված անձանց հրապարակային, բաց դատավարությունը և նրանց ազատությունը։
Հատկապես շեշտվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք պետությունների կարևորությունը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, որ ուղղակի բանակցել են։ Հստակ ապացուցված է, որ ոչ մի հանցագործ Բաքվի բանտերում հայ ժողովրդից չկա: Արցախի հակամարտությունը եղել է պայքար ազգերի ինքնորոշման համար, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ ոք չի խախտել։
Երկրորդ խնդիրը հետևյալն է, որ ՀՀ կառավարությունն իրավունք չունի որևէ հայտարարություն կատարել Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ, որը ուղղակի հանցագործություն է և ադրբեջանական պահանջների կատարում։ Ոչ մի խաղաղության պայմանագիր չի կարող նշանակել, որ պետք է հրաժարվել Մինսկի խմբից, որովհետև հրաժարվելով այդ խմբից, մենք հանցագործ ենք դարձնում ոչ միայն այսօր Բաքվի բանտերում գտնվող անձանց, այլ և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, ով հատել է Արցախի սահմանները, որ իբրև թե եղել են Ադրբեջանի սահմանները և ով պայքարել է ազգերի ինքնորոշման համար և իր հողի վրա ապրելու համար։
Այսինքն Մինսկի խմբին դիմելը և այն վերագործարկելը գերխնդիր է, նույնը նաև ՄԱԿ-ին դիմելն է:
Այս խնդրի հետ համախումբ միավորել ենք միջազգային դատարաններում գտնվող միջազգային հայցերի խնդիրը։ Մենք ունենք չորս հայց և այդ հայցերից հրաժարվելու վերաբերյալ պարտվողական հայտարարությունները նշանակում են ընդհանրապես դավաճանել հայկական ինքնության շահերի պաշտպանությանը։ Մենք այնտեղ հստակ ունենք ապացույցներ և միջազգային քրեական դատարանում և մնացած ատյաններում, որ մեր դեմ Արցախում, նաև Հայաստանի տարածքում կատարված հանցագործությունները որակվում են իբրև հանցագործություն մարդկության դեմ»,-ասաց նա:
Դիլբարյանի խոսքով, այս պահանջները ցույց են տալիս, որ ՀՀ իշխանությունը պետք է ոչ թե լռի, այլ գործի, իսկ եթե ոչ, պետք է գան նրանք, որոնք այդ իրադարձությանը տեր են կանգնելու. «Երեկ Ռուբեն Վարդանյանի ուղերձում կար մի կարևոր հայտարարություն՝ միավորել բոլոր դատերը։ Այո, այդ դատերը պետք է միավորվեն, նրանք պետք է արդարացվեն և վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Մենք այս հանրագիրը շուտով կհանձնենք»,- ընդգծեց Դիլբարյանը:
Նշենք, որ այսօր Բաքվի դատարանում մեկնարկելու է Բաքվում պահվող 23 գերիներից 15–ի դատավարությունը։
Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։
Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին ուղերձով էր դիմել՝ նշելով, որ իր ձերբակալման առաջին օրվանից ի վեր ոչ մի ցուցմունք չի տվել, միայն առաջին անգամ անուն-ազգանունն է ասել։ Նա նաև ընդգծել էր, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են, ու վստահեցրել՝ ճնշում է գործադրվել և՛ իր, և՛ իր փաստաբանի, և՛ թարգմանչի վրա։