շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ավտովթար Կոտայքի մարզում․ ռեստորանային համալիրի դիմաց բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ

Ավտովթար Կոտայքի մարզում․ ռեստորանային համալիրի դիմաց բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ «Արևաբույր ընտանեկան միջավայր» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են «Lexus» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել նշված ռեստորանային համալիրի աշխատակիցներն, ու ըստ դեպքի վայրում հավաքվածների, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտաշես Ղազարյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել են «Opel»-ի գազաբալոնից գազի արտահոսքը և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկ Հակոբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: